Նորքի տուն-ինտերնատի տարեցներին ազգային երգ ու պար են ուսուցանում

0
118

Նորքի-տուն ինտերնատում փետրվար ամիսը սկսել են մշակութային անցուդարձով:

Տուն ինտերնատի տարեց բնակիչների համար պարբերաբար կազմակերպվող թատերական ներկայացումների, փոքրիկ համերգների, պոեզիայի ժամերի շարքը փետրվարի 26-ին համալրել է  նաև ազգային երգ ու պարի ուսուցումը:

Մեծ դահլիճում հնչող ազգային երաժշտության ներքո պապիկներն ու տատիկները հրճվանքով հետևում և փորձում էին ճշտորեն կատարել ՀՀ մշակույթի նախարարության Ժ.Ս.Կ. պարարվեստի բաժնի ավագ գիտ-աշխատող Ժանետա Վարդանյանի պարային շարժումները:  Պարելու ընթացքում էլ ուղղում ու նախատում էին միմյանց թե՝ «դու ճիշտ չես անում, իմ շարժումներին հետևիր»:

Պարուսուցումը   այնքան անկաշկանդ ու ուրախ մթնոլորտում է անցել, որ տարեցները, երգով ու պարով տարված, չէին զգացել` ինչպես են մոռացել ճաշի ժամը:

Տիկին Ժանետան բացի պարի պրակտիկ ուսուցումից, տարեցներին է ներկայացրել պարերի պատմությունը, այնուհետև լսել  պապիկ-տատիկների պատմությունները ազգային երգի ու պարի մասին:

Առաջիկայում նույնպես պարային ուսուցման նոր ծրագրով հանդիպում կլինի տուն-ինտերնատում: