ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

0
118

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ քննարկելու համար:

Օրենքի նախագիծը ներկայացնելիս, նախարար Արտեմ Ասատրյանը մասնավորապես նշել է. «Առաջին ընթերցման քննարկման շրջանակներում նախագծի վերաբերյալ մանրամասն ներկայացվել են այն բոլոր հիմնավորումները, որոնց շրջանակներում օրենքի նախագիծը մշակվել և ներկայացվել է Ազգային Ժղովի քննարկմանը: Մասնավորապես, հիմքում դրված ամենակարևոր խնդիրը, դա հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունն է և մեր օրենսդրությունը համապատասխանեցնելը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին, որն ՀՀ-ի կողմից վավերացվել է 2010թ.:

Ըստ էության, 1-ից 2-րդ ընթերցման շրջանակներում օրենքի նախագծում տեղի են ունեցել բարելավումներ, փոփոխություններ ու լրամշակումներ: Մասնավորապես՝ կցանկանայի նշել, որ օրենքի նախագիծը հանրային քննարկումների շրջանակներում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ, շուրջ 4 տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացնում են հաշմանդամություն ունեցող անձանց շահերը:

Մեր գործընկերների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների շրջանակներում վերանայվել են օրենքի նախագծում մի շարք հասկացություններ, որոնք  համապատասխանեցվել  են կոնվենցիայի դրույթներին:

Հիմնական սկզբունքներին վերաբերող հոդվածում ավելացվել է կոնվենցիայում ներառված բոլոր սկզբունքներն անխտիր:

Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահվել կոնվենցիայի պահանջների կատարման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու իրավասությունը, ինչը նաև կարևոր հանգամանք եմ համարում, քանի որ  օրենքի դրույթների հետագա կիրառման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը պետք էր անկախ մեխանիզմի միջոցով իրականացնել: Այս դեպքում հաշվի առնելով նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկություներն ու այդ դժվարին առաքելությունը ստանձնելու պատրաստակամությունը, մենք օրենքի նախագծում ներառել ենք նաև այդ դրույթները:

Սահմանվել են նոր դրույթներ արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և ապահովության, արդարադատության մատչելիության խոշտանգումներից կամ դաժան մարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատման անկախ  ապրելու և համայնքում ներգրավվելու հաշմանդամություն ունեցող կանանց կամ աղջիկների իրավունքների վերաբերյալ:

Նաև նշեմ, որ խմբագրվել են օրենքի նախագծի բժշկասոցիալական փորձաքննությանն առնչվող դրույթները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվում են փոփոխություններ և վերանայվում են առկա մոտեցումները փորձաքննության իրականացման: Այս առումով օրենքի նախագծի անցումային դրույթներում ըստ էության նախատեսվում է, որ գործող օրենքում, որն ընդունվել է  1993թ., կգործեն միայն այն հոդվածները, որոնք վերաբերում են միայն բժշկասոցիալական փորձաքննությանը, իսկ առաջիկայում ունենալով հստակ նոր մոդելը՝ մենք կունենանք այդ ոլորտը կարգավորող նոր օրենք: Մի դրույթ նշեմ, որ 2017թ. հունվարի 9-ից ուժի մեջ է մտել և գործում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված են մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող միջոցառումներ: Նախգծում ներառվել է նաև դրույթ, որով սահմանվել է համապատասխան պատճառական կապեր սահմանելու իրավասությունը»: