ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 17-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմիի հետ այցելել է Թիվ 1 տուն-ինտերնատ:
Բարեգործական այցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը Թիվ 1 տուն-ինտերնատին նվիրել է անհրաժեշտ էլեկտրատեխնիկա, մասնավորապես՝ սառցարաններ, որոնք ապահովելու են հաստատության սննդի պահպանումն ու անվտանգությունը:
Նախարարն ու դեսպանը շրջել են տուն-ինտերնատում, ծանոթացել հաստատության պայմաններին, քննարկել են հաստատության պայմանների բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերի հնարավոր նախադրյալները:
Դեսպան Մուհամմադ Ալ Քասեմին շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ իրենք մեծապես կարևորում են տարեցներին ցուցաբերվող օժանդակությունը և խոստացել, որ մոտ ապագայում կլինեն նաև այլ օգնություններ: «Հպարտանում ենք, որ հայ ազգի հետ ունենք սերտ բարեկամական կապեր և պատրաստ ենք կարիքի դեպքում մշտապես աջակցություն ցուցաբերել»,-նշել է դեսպանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության և կարևոր ներդրումի համար և բարձր է գնահատել Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը: «Վստահ եմ, որ միջկառավարական կապերը ավելի կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը և արդյունքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ` օգտագործելով մեր երկու ժողովուրդների ներուժը»,-ընդգծել է նախարարը: