Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

0
72

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի  7-ին ընդունել  է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ նախարարը  մաղթել է բեղմնավոր աշխատանք  և վստահություն  հայտնել, որ  շարունակական համագործակցությունը  կխորացնի և կամրապնդի  երկու  երկրների  միջև կապերը:

«Ավելի վաղ մենք առիթներ ունեցել ենք շփվելու  և համագործակցելու Բուլղարիայում սոցիալական ոլորտը համակարգող նախարարության հետ: Վստահ եմ, որ  նոր համագործակցությամբ ոլորտում զարգացման  նոր մակարդակ կարձանագրենք  և կշարունակենք համատեղ գործնական  քայլեր իրականացնել»,-նշել է նախարարը:

Բարձր գնահատելով  նախկին համագործակցությունը  և այն շարունակելու ներկայիս պատրաստակամությունը՝  տիկին  Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվայան նշել է, որ այսօր  իրենց երկրի համար շատ կարևոր է աշխատանքային միգրացիայի կանոնակարգման հետ կապված  համաձայնագրի կիրառումը:

Նախարարը ևս կարևորելով  երկրում միգրացիոն գործընթացների կանոնակարգման հարցը, հատկապես այն դեպքում, երբ  երկրում առկա են աշխատանքային միգրացիոն հոսքեր,  նշել է, որ   խնդրի չկանոնակարգված լինելը առաջին հերթին մեծ ռիսկ է հենց ՀՀ քաղաքացիների համար՝ իրավունքների իրացման տեսանկյունից և պատրաստակամություն է հայտնել ցանկացած  ձևաչափով սկսել աշխատանքները:

Այնուհետև,  նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝  աշխատանքի և զբաղվածության ոլորտում  նոր քաղաքականությունը, որը միտված է աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովմանը և աշխատունակ անձի՝   սոցիալական աջակցության տրամադրման ապախթանմանը:  Նախարարն անդրադարձել  է նաև  բժշկասոցիալական փորձաքննության  և սոցիալական պաշտպանության մյուս ոլորտներում ընթացող փոփոխություններին:

Տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան  բարձր է գնահատել ոլորտում  իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ ամբողջ աշխարհում սոցիալական ոլորտում աշխատելը չափազանց բարդ և  մարտահրավերներով լի աշխատանք է:

Հանդիպման ավարտին  հետագա աշխատանքների կազմակերպման և իրականացման  համար  երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել: