Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է ներդնել զբաղվածության էլեկտրոնային համակարգ, որտեղ աշխատանք փնտրողն ո գործատուն կարող են միմյանց հանդիպել առանց պետական կառույցների միջնորդության. Այս մասին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում հայտնեց սոցապ նախարարը:
Աղքատությունը հաղթահարելու կամ կրճատելու համար պետք է ունենալ տնտեսական աճ, ՀՆԱ-ի աճ: Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը նաև հիշեցրեց, որ 2014-2015թթ-ին, երբ տնտեսական աճ չկար,ՀՀ կառավարությունը գնաց թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու ռիսկային, բայց անհրաժեշտ քայլի:
«Նման իրավիճակում, երբ տարբեր երկրներում սոցիալական բազմաթիվ ծրագրեր կրճատվեցին, մեր երկրում 14-15թթ-ին յուրաքանչյուր տարի թոշակներն ու նպաստները մոտ 15 տոկոսով ավելացվեցին, նաև նվազագույն ու միջին աշխատավարձերն ավելացվեցին»,- ասաց նախարարը:
Այդուհանդերձ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերում առավել կարևորվում է զբաղվածության ապահովման խնդիրը: Պաշտոնական տվյալներով` 2016թ-ին պետական ծրագրերի շրջանակում աշխատաշուկայում անմրցունակ շուրջ 17 000 անձ ապահովվել է ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքով:
Աշխատանք փնտրողների մասնագիտությունը չի համընկնում գործատուների պահանջներին «Բոլոր այն անձանց, ովքեր դիմում ու հաշվառվում են մեր զբաղվածության կենտրոններում, մենք պետք է ապահովենք զբաղվածությամբ և ոչ թե նպաստով»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Նախարարությունն աշխատատեղ չի ստեղծում, բայց պետք է կարողանա ապահովել աշխատանք փնտրողի ու աշխատանք առաջարկողի կապը: Այս կապի առավել արդյունավետ իրականցման համար նախարարությունում նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառված կլինեն ոչ միայն անմրցունակ գործազուրկները, այլև բարձր որակավորում ունեցող, աշխատանք փնտրող մասնագետները:
Քիչ չեն նաև աշխատանք ունեցող անձինք, ովքեր նոր աշխատանք են փնտրում: Զբաղվածության պետական գործակալությունում այսօր գրանցված 96 000 անձանցից, նախարարի խոսքով, 80 000-ն է գործազուրկ: