Չաշխատող մայրերին տրվող մայրության նպաստի նշանակման և վճարման գործող կարգը

0
163

2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերին նշանակվում և վճարվում է մայրության նպաստ: Մայրության նպաստ նշանակելու կամ մերժելու որոշումը կայացվում է դիմումը և անհրաժեշտ  փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշումների՝ մայրության նպաստի գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝  Նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այսպես՝ շահառուի անվամբ բանկում բացվում է բանկային հաշիվ և նպաստի գումարը փոխանցվում է այդ հաշվին:  Շահառուն գումարը կարող է ստանալ՝ անձնագրով ներկայանալով բանկի ցանկացած մասնաճյուղ:

2016 թվականի փետրվարի 10-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է Հայբիզնեսբանկի և Հայէկոնոմբանկի միջոցով (այսօրվա դրությամբ միայն այդ բանկերն են կնքել համապատասխան համաձայնագիր): Առաջիկայում համապատասխան համաձայնագիր կկնքվի նաև Արդշինբանկի հետ (ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ):

Վճարումն իրականացնող բանկի վերաբերյալ շահառուին կտրվի հետադարձ տեղեկատվություն, իսկ շահառուն հնարավորություն ունի ցանկացած ժամանակ փոխել բանկը: Միաժամանակ, քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ վերը նշված ընթացակարգով նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի շրջանակներում շահառուն կարող է բանկն ընտրել իր ցանկությամբ:

Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:

Անցումային շրջանում պատճառած անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: