ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 21-ին մասնակցել է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված համաժողովին:
Ողջունելով և շնորհավորելով ոլորտի սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նախարարը մաղթել է անսպառ եռանդ և ոգևորություն ամենօրյա աշխատանքում:
Իր ելույթում նախարար Արտեմ Ասատրյանը մասնավորապես ասել է. «Այն ծանր, պատասխանատու աշխատանքը, որ իրականացնում եք, իսկապես պետք է իր նպատակին ծառայի և արդյունավորված լինի յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր ընտանիքի համար:
Սոցիալական աշխատանքը մարդու համար է և որպես մասնագիտություն առանձնահատուկ է այն առումով, որ յուրաքանչյուր սոցիալական աշխատող կարողանում է ներդրում ունենալ գոյություն ունեցող ամենամեծ արժեքի՝ մարդկային կապիտալի մեջ:
Ողջունելով այս համաժողովը՝ վստահ եմ, որ այն լավ առիթ և հնարավորություն է, որպեսզի անդրադարձ կատարվի ոլորտի զարգացման ներկայիս փուլին և նախանշվի առաջիկա անելիքները: Մենք նոր, վճռորոշ փուլ ենք թևակոխում ՝ Սոցիալական աշխատողի ինստիուտի կայացման փուլ: Վերջին 25 տարիներին իրականացված սոցիալական աշխատանքը սկսել ենք ամենապարզ գործառույթներից՝ մարդասիրական օգնության բաժանում, արտակարգ իրավիճակներում մեր քաղաքացիներին ցուցաբերած տարաբնույթ աջակցություն և այլն:
Արդեն քանի տարի է մենք խոսում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մասին, իրականացնում ենք աշխատանքներ, որոնք կոչված են ինստիտուցիոնալացնել սոցիալական աշխատանքը:
Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողացանք այս ընթացքում նաև օրենսդրորեն ամրագրել՝ ինչ է սոցիալական աշխատանքը և վարչարարությունը: Սակայն դա բավարար չէ, մենք օրակարգում ունենք օրենքի նախագիծ սոցիալական աշխատանքի մասին, այստեղ պետք է նշեմ, որ սա այն նախագիծն է, որի նախաձեռնությունը գալիս է ոչ թե պետական կառավարման լիազոր մարմնից, այլ սոցիալական աշխատողներից, ասոցիացիայից, այն անձանցից, ովքեր իսկապես ջատագովն են այս մասնագիտության նեդրմանը Հայաստանում:
Դեռևս 90-ականներից պետական համալսարանում ձևավորվեց այդ մասնագիտությունը, բայց դեռևս խնդիր է մնում սոցիալական աշխատանքի պրակտիկ կատարումը:
Մենք պետք է փաստենք, որ այստեղ ունենք շատ կարևոր խնդիր, բաց, որ սոցիալական ծառայություն մատուցողների շատ փոքր տոկոսն է, որ ունի մասնագիտական կրթություն, իսկ այս փուլում դա իսկապես շատ կարևոր է: Ես արդեն նշեցի, որ առաջին քայլերը մենք արել ենք ինստիտուցիոնալացման առումով, որպեսզի մենք կարողանանաք կրթությունը և սոցիալական աշխատանքը գործնականում իրար հետ կապենք և լիարժեք ներդնենք այս համակարգը:
Ունենալով նմանատիպ նախաձեռնություն՝ մենք առաջիկայում տարբեր լսարանների հետ քննարկումներից հետո, կարող ենք ունենալ համատեղ մի նախագիծ, որը պետական լիազոր մարմինը պատրաստ է ընթացք տալ:
Շատ ավելի խրախուսելի է, երբ սոցիալական աշխատողները իրենք են սահմանում իրենց կանոններն ու կանոնակարգումը և իրենք էլ իրականացնում ու վերահսկում են դրանք, քան դա արվում է վարչարարության կամ պետական մարմինների միջոցով՝ բնավ չանտեսելով պետական լիազոր մարմնի դերը քաղաքականության մշակման գործում:
Անցած մի քանի տարիների ընթացքում մենք կարողացանք հստակ տարանջատել սոցիալ վարչարարությունը: Եվ այսօր այն բոլոր բնագավառներում, որտեղ քաղաքացիներին մատուցվում են սոցիալական ծառայություններ, բայց իրականում սոցիալական աշխատանքի անհրաժեշտություն չկա՝ ներդնելով տեղեկատվական համակարգեր, փորձել ենք նվազեցնել շփումը քաղաքացու և պաշտոնիայի միջև: Մնացած բոլոր դեպքերում, պետք է իրականացվի սոցիալական աշխատանք:
Երբ խոսում ենք սոցիալական աշխատանքի պետք է փաստենք, որ այն սկսում է կարիքի գնահատումից, ամենօրյա մշտադիտարկումից, գնահատված կարիքի հիման վրա անհատական ծրագրի կազմումից մինչև դրա իրականացումն ապահովելը. սա սոցիալական աշխատողի գործառույթն է և որպեսզի այս կարևորագույն առաքելությունն իրականացվի, պետք է առկա լինեն համապատասխան նախադրյալներ ու պայմաններ:
Մենք ունենք բազմաթիվ հարցեր, խնդիրներ, որոնք ներկայումս քննարկումների փուլում առարկայացրել ենք, դրանք մեզ թույլ կտան ավելի լավ կանոնակարգել այդ դաշտը և ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը, որի կենտրոնում սոցիալական աշխատանքն է և սոցիալական աշխատողը, կայացնել Հայաստանում այլ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, սոցիալական աշխատողների համագործակցությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթում համաժողովի աշխատանքներին»: