Մարտի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Գավառի մանկատուն էր այցելել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին: Այցի նպատակն էր ծանոթանալ մանկատան գործունեությանը, երեխաների խնամքի կազմակերպմանը, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև փոքրիկ նվերների հանձնումը մանկատանը:
Մանկատան սաներն, իրենց հատուկ ջերմությամբ ու ոգևորվածությամբ, ընդունել են հյուրերին: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի խոսքով հաստատությունը հյուրընկալություններ շատ է ունեցել, սակայն առաջին անգամ է, որ արաբական աշխարհի ներկայացուցիչ է անձամբ այցելում: «Մենք շատ ենք լսել ձեր երկրի ավանդույթների, մշակույթի, ինչպես նաև զարգացած տուրիզմի մասին: Հուսով եմ, որ մեր երեխաները չափահաս դառնալուց հետո հնարավորություն կունենան այցելել ձեր երկիր և տեսնել այն: Վստահ եմ, որ նոր ծրագրեր իրագործելու նպատակով հանդիպումները կլինեն շարունակական հանուն մեր երեխաների և ընդհանուր աշխատանքի»,- նշել է մանկատան տնօրենը:
Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Երջանիկ եմ՝ տեսնելով այս երեխաներին: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաներին և մշտապես փորձում ենք ծառայել ու օգնել նրանց: Հայ և արաբ ժողովուրդները հին բարեկամներ են, և հիմա մենք փոքր օգնություն ենք ցուցաբերում մեր բարեկամ ժողովրդի երեխաներին>,- ընդգծել է դեսպանն ու հավելել, որ հետագայում ևս կշարունակեն համագործակցել ու օգնություն ցուցաբերել:
Այնուհետև պարոն Նալբանդյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել և ծանոթացել է սաների խնամքի, դասապատրաստման, ժամանցի, խմբակների կազմակերպմանն ու հաստատության պայմաններին, հետաքրքրվել՝ երեխաների ապագայի, զբաղվածության, ծնողների այցելության և հետագա անելիքների մասին:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաները հնարավորինս ընտանիքներում խնամվեն: Վերջին 2 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել և ավելի քան 10 երեխա այսօր ապրում և խնամվում են խնամատար ընտանիքներում»,- հավելել է պարոն Նալբանդյանը:
Ի նշան դեսպանի հետ առաջին հանդիպման՝ մանկատան սաները գեղեցիկ պարային կատարումներով ու երգով հիացրել են հյուրերին և այցի ավարտին դեսպանին են նվիրել իրենց ձեռագործ աշխատանքները: