Նախարար Արտեմ Ասատրյանը ներկա է գտնվել առաջին տիպային մանկապարտեզի բացման արարողությանը

0
105

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ապրիլի 29-ին մասնակցել է թիվ 92 մանկապարտեզի ներառական հատվածի բացման արարողությանը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արա Բաբլոյանը, պատգամավորներ, ներկայացուցիչներ հասարակական և միջազգային կառույցներից:

Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով ներկաներին, կարևորել է նախաձեռնությունը` նշելով, որ այն, հանուն երեխայի հավասար իրավունքների, մեկտեղել է մի քանի պետական գերատեսչությունների ջանքերը:

«Մենք պետք է մեր գործընկերների գաղափարները զուգակցելով գործնական քայլեր անենք և իրականություն դարձնենք այդ գաղափարները: Սա առաջին տիպային մանկապարտեզն է, որն իր մեջ ներառում է տարբեր վերականգնողական ծառայություններ և հնարավորություն է տալիս երեխաներին դառնալ վաղվա լիարժեք քաղաքացի»,- նշել է նախարարը:

Խոսելով հաստատությունների բեռնաթափման մասին՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ այդ քաղաքականության հիմքում դրված են կանխարգելիչ միջոցառումներ: «Ի վերջո շատ ավելի դժվար է հաստատություններում գտնվող երեխաների ընտանիքների կարիքները գնահատել և երեխային ետ վերադարձնել ընտանիք, շատ ավելի հեշտ է, եթե մենք ունենանք այսպիսի կենտրոններ, և կանխարգելենք երեխայի մուտքը հաստատություն»,- ընդգծել է  նախարար Արտեմ Ասատրյանը:

Ելույթի ավարտին նախարարը մեկ անգամ ևս նշել է, որ նման համակարգերը կարող են կայանալ միայն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության արդյունքում և վստահություն է հայտնել, որ նման ծրագրերը կլինեն շարունակական:

Պաշտոնատար անձանց ելույթներից հետո, բացման արարողությանը ներկա հյուրերը շրջել են մանկարպարտեզում, ծանոթացել պայմաններին, շփվել երեխաների հետ: Շրջայցի ավարտին մանկապարտեզի սաները անակնկալ են մատուցել հյուրերին՝ հանդես գալով պարային փոքրիկ ծրագրով:

Ծրագիրն իրականացվում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Արաբկիր բժշկական համալիրի նախաձեռնությամբ: