ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործում են 4 տուն-ինտերնատներ, որտեղ տրամադրվում են միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցների սպասարկման և խնամքի ծառայություններ:
Տուն-ինտերնատներից երեքը ընդհանուր տիպի են՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ», «Նորքի տուն-ինտերնատ», «Գյումրու թիվ 1 տուն-ինտերնատ», մեկը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատը», հատուկ տիպի:
Պետական 4 տուն-ինտերնատներում խնամվում են 1090 կենսաթոշակառու, իսկ տնային պայմաններում՝ 1500 կենսաթոշակառու:
Տուն-ինտերնատը բժշկասոցիալական կազմակերպություն է և ստեղծված ՝ խնամքի, սոցիալական սպասարկման և բժշկական օգնության կարիք ունեցող միայնակ տարեցներին և հաշմանդամներին մշտական բնակության համար: Տուն-ինտերնատ ընդունվում են միայնակ, օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող կենսաթոշակառուներ:
Տուն-ինտերնատ ընդունվելու համար քաղաքացին պետք է դիմի իր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին, որտեղ նրան կաջակցեն համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման և ուղեգրման հարցում:
Տուն-ինտերնատներում բնակվողները գտնվում են պետության լրիվ հոգածության ներքո և կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով նրանց վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը:
Տուն-ինտերնատներում խնամվողները ստանում են սոցիալական սպասարկման և բժշկական օգնության ծառայություններ, ապահովվում են կացարանով, օրը 3 անգամյա սննդով, հագուստով, անկողնային և հիգիենիկ պարագաներով:
Տուն-ինտերնատում խնամվող մեկ բնակչի խնամքի միջին օրական ծախսը կազմում է մոտ 3600 դրամ, որից սննդի ծախսը՝ միջինը 1200 դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության ենթակայության տակ գտնվող տուն-ինտենատները համալրված են բարձրակարգ մասնագետներով, այդ թվում՝ բժշկական, ինչպես նաև հագեցած են ժամանակակից կենցաղային, բժշկական սարքավորումներով և դեղորայքով: