ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ մաղթել է նրան բեղմնավոր գործունեություն, հաջողություններ և ձեռքբերումներ:
Դեսպան Պետր Միկիսկան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է և միշտ պատրաստ է բազմաոլորտ համագործակցության:
Հանդիպման ընթացքում քննարկվել է սոցիալական ապահովության բնագավառում համագործակցելու վերաբերյալ երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեխիայի Հանրապետության կողմից համապատասխան մասնագետների՝ Հայաստան այց կազմակերպելու վերաբերյալ, որի շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական և առարկայական քննարկումներ պայմանագրի առաջարկի շուրջ:
Նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանին ներկայացրել է նաև Զբաղվածության ապահովման ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնց նպատակը անապահով ընտանիքներում աշխատունակ անձանց աշխատանքային եկամտի ապահովումն է: Նախարարը ընդգծել է նաև, որ, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Հայաստանում չի կրճատվել և ոչ մի սոցիալական ծրագիր, և ամեն տարի սոցիալական նպաստների, կենսաթոշակների չափերն ավելանում են:
Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը ողջույններ է փոխանցել իր գործընկերոջը՝ Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխաելա Մարքսովային և սիրով հրավիրել Հայաստան:
Դեսպանն էլ հանդիպման ավարտին պատրաստակամություն է հայտնել բազմաբնույթ համագործակցության՝ կարևորելով երկու երկրների սոցիալական համակարգերի բարեփոխումների ընթացքում փորձի փոխանակումը: