ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիթորինգի և գնահատման աշխատանքային խումբը մարտի 30-ին ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման արդյունքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրականացվող մոնիթորինգի և գնահատման համակարգը և նշել, որ վերջին 2 տարիների ընթացքում այդ աշխատանքները դրվել են ինստիտուցիոնալ հիմքի վրա. «Մեր համակարգում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր ուղղված է մեր քաղաքացուն, հասարակության լայն շերտերին, հատկապես՝ խոցելի խմբերին: Եվ այս համատեքստում մեծապես կարևորում եմ քաղաքականություն մշակող և իրականացնող մարմնի դերն այն առումով, որ այն կարող է իրական գնահատական տալ, թե ինչպիսի ազդեցություն է ունենում յուրաքանչյուր ծրագիր այն թիրախային խմբերի վրա, ում համար այն իրականացվում է»,- ասել է նախարարը:
Նախարարը նաև նշել, որ իրականացվող աշխատանքների արդյունքում ձևավորվել է հստակ մեթոդաբանություն և մոտեցումներ, թե ինչպես պետք է յուրաքանչյուր ծրագիր կազմվի սկսած նպատակից, դրանից բխող գործողություններից և դրանց գնահատման մեթոդաբանությունից և ցուցանիշներից:
«Այսօր փաստորեն ունենք առաջին պտուղները, երբ գնահատման ու մոնիթորինգի արդյունքները ուղղակիորեն ազդեցություն են ունենում իրականացվող քաղաքականության վրա այն իմաստով, որ դրանք փոփոխություններ են բերում թե համապատասխան իրավական ակտերում, օրենքներում, որոշումներում, թե ներքին կանոնակարգերում և թե, ընդհանրապես, մոտեցումներում»,- ընդգծել է Արտեմ Ասատրյանը:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը, ՄԳ իրականացման կարգը և մեթոդաբանությունը:
Աշխատանքային խմբի կողմից ներկայացվել են «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)», «ՀՀ մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն» և «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրերի մոնիթորինգի և գնահատման արդյունքները, ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների պատճառների բացահայտում և վերլուծություն» հետազոտության արդյունքները:
Նախարարը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և վստահեցրել, որ գործընթացը բերելու է միմիայն արդյունքների լավացմանը: