Նախարար Արտեմ Ասատրյանն ամփոփել է սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքների արդյունքները

0
102

Նախարար Արտեմ Ասատրյանն ապրիլի 29-ին լրագրողներին է ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ ներդրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգ, որն առաջին անգամ հնարավորություն է տալիս քաղաքացուն իր սոցիալական իրավունքից օգտվել առանց տանից դուրս գալու, ինչը, ըստ նախարարի, կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:

«Համակարգային փոփոխությունների առաջին քայլերն ենք կատարում: Այսօր արդեն ավելի քան 35 հազար քաղաքացի կարող է առանց տարածքային գրասենյակ այցելելու ստանալ երեխայի ծննդյան ﬕանվագ նպաստ: Շուրջ 100 000 քաղաքացի կենսաթոշակին վերաբերող ցանկացած խնդրով կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ իր հաշվառման վայրից: Եվս մեկ կարևոր ծառայության ներդրում ազատել է քաղաքացիներին տարատեսակ քաշքշուկներից և գումար վճարելուց, խոսքը վերաբերում է արխիվից տեղեկանք ստանալուն, որն այսուհետ քաղաքացու փոխարեն իրականացնում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Այստեղ ևս շոշափելի արդյունք ունենք, գործարկումից հետո, 2 ամիսների ընթացքում, շուրջ 2000 քաղաքացի արդեն իսկ օգտվել է նշված ծառայությունից»,-ասել  է Արտեմ Ասատրյանը:

Ի թիվս նշված աշխատանքների՝ նախարարը կարևորել է նաև անապահովության մոտեցումների ու մեթոդաբանության արմատական վերանայումը, ըստ որի՝ տնտեսապես ակտիվ անձի վարքագիծն աշխատանքի շուկայում կգնահատվի` նախապատվությունը տալով առավել ակտիվ գործունեություն ծավալողներին: «Այս մոտեցումը հնարավորինս հակազդելու է նպաստառու ընտանիքների սոցիալական խնամառությանը՝ հնարավորինս խթանելով նրանց աշխատելու ցանկությունը»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:

Նախարարը խոսել է նաև անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստից և մյուս ծառայություններից օգտվելու համար քաղաքացու՝ ամեն գնով 30.01 միավոր ունենալու ձգտումից և նշել, որ արդեն իսկ քայլեր արվում են այդ միտումը մեղմելու ուղղությամբ և այսօր արտոնություններից օգտվում են նաև ավելի ցածր միավոր ունեցող ընտանիքները: «2017 թվականից բնական գազի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում են շուրջ 76 հազար 205 անապահով ընտանքիներ: էլեկտրաէներգիայի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում է 124 հազար 330 ընտանիք: Սրանք այն ընտանիքներն են, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 20.00 միավորից բարձր անապահովության միավոր»,-նշել է նախարարը:

Ոլորտում առկա խնդիրների մասին խոսելիս նախարարը անդրադարձել է աշխատանքային ստաժներին. «Այսօր մեզ համար ամենախնդրահարույցը աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրներն են , քանի որ նախորդ ժամանակահատվածի համար չկան տեղեկատվական շտեմարաններ, այստեղ առկա են լրջագույն ռիսկեր, այդ թվում կոռուպցիոն:  Շատ դեպքերում քաղաքացիների ներկայացրած տեղեկանքները, տեղեկությունները ոչ հավաստի են, շատ դեպքերում մեր աշխատակիցների ոչ բարեխիղճ վերաբերմունքն ու մոտեցումները բերում են խնդիրների, համակարգում կարող են հաշվառվել ոչ ճիշտ ստաժեր, իսկ ստաժերի հետ կապված ձևավորվում է, բնականաբար, կենսաթոշակի չափը և վճարումների համար անհրաժեշտ գումարը պետական բյուջեից»:  Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում են համակարգի ստեղծման աշխատանքներ, նաև նախընթաց ամբողջ ժամանակահատվածի համար:

Աշխատանքային հարաբերությունների ձևավորման, նոր ճկուն հիմքերի ձևավորման հետ կապված,  Արտեմ Ասատրյանը  ներկայացրել է  Կամավորական գործունեությունը կանոնակարգող  հայեցակարգը և նշել, որ այժմ տարվում են  օրենքի նախագծի մշակման աշխատանքներ: Ինչ վերաբերում է աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին՝ նախարարն այստեղ շեշտել է, որ նոր փոփոխությամբ նախատեսվում է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ ներդնել:

Զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքներին անդրադառնալով՝ Արտեմ Ասատրյանը նշել է, որ զբաղվածության ապահովման 3 նոր ծրագիր կներդրվի՝ ուղղված երիատասարդ մայրերի` աշխատաշուկա մուտք գործելուն, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը: «Մեկ նոր նախաձեռնության մասին ևս կուզեմ նշել, խոսքը զբաղվածության ոլորտում աշխատանքի էլեկտրոնային բորսայի մասին է: Նախատեսվում է ձևավորել հարթակ, որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև՝ բարձր որակավորում ունեցող անձանց հետ, ովքեր մեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն»,-ասել է նախարարը:

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև  ընտանիքների կարիքների գնահատման հիման վրա սոցիալական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը, և այս համատեքստում կարևորել է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն ու սոցիալական աշխատողի դերի բարձրացումը, ինչը մեծապես կնպաստի, տարբեր պետական կառույցների հետ համագործակցելով, լուծել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրները: Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում արմատական փոփոխություններին մասին խոսելիս, նախարարը նշել է նոր մոտեցումների և մեթոդաբանության կարևորության մասին. Մասնավորապես, որ փոփոխությունների առաջին փուլում նախատեսվում է կիրառել փաստաթղթային փորձաքննություն, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 30-40 տոկոսին առանց տարածքային կենտրոն այցելելու հաշմանդամության խումբ ստանալ: «ԲՍՓ ոլորտի արամատական փոփոխությունների  հաջորդ փուլը նախատեսում ենք իրականացնել այս տարվա ավարտին, քանի որ դրա իրականացումը մեծապես կախված է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ»,-ընդգծել է նախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարը լրագրողներին ներկայացրել է նաև երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող  բարեփոխումները, մասնավորապես՝  երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման գործընթացը: «Ներկայում Երևանի երեխաների խնամքի  ու  պաշտպանության  N 2  գիշերօթիկ  հաստատությունը վերակազմակերպվել  է Երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն և  ծառայություններ է տրամադրվում 87 երեխայի: Այս գործընթացը շարունակական է լինելու և 2017թ. վերակազմակերպվելու են նախարարության ենթակայությամբ գործող բոլոր շուրջօրյա խնամքի հաստատությունները»,-ընդգծել է նախարարը և ավելացրել, որ 2017թ. փետրվար ամսից  արտակենտրոն ծառայություններ են տրամադրվել 84 ընտանիքի, այդ թվում  սոցիալապես անապահով՝ 60 ընտանիքի, հաշմադամ երեխա ունեցող՝ 24 ընտանիքի:

Մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման հետ կապված, նախարարը նշել, է որ 2016թ.-ից սկսած մշակվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ավելի քան 80 ծրագրերից 41-ի մշտադիտարկման և գնահատման իրականացման գործիքակազմը, իսկ 2017թ. կիրականացվի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի շահառուների կարծիքի ուսումնասիրության աշխատանքները, որոնք մշտադիտարկման և գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրման հիմք կհանդիսանան:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում առաջիկա  5 տարիների ծրագրերն ու սպասվելիք փոփոխությունները: