Ծննդատներում ավարտվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմելը խրախուսող քարոզարշավը

0
105

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2017թ.-ի մարտի 9-ից ապրիլի 6-ը Հայաստանի  գրեթե բոլոր ծննդատներում կազմակերպել էր երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց դիմումի միջոցով ստանալու  նոր տեղեկատվական համակարգի հանրային քարոզարշավ:

«ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՔԱՅԼ, ԸՆԴԱՄԵՆԸ  10  ՕՐ  ԵՎ ՆՊԱՍՏԻ  ԳՈՒՄԱՐԸ  ՁԵՐ ՀԱՇՎԻՆ Է» կարգախոսով քարոզարշավի նպատակն էր իրազեկել երեխա ունեցող ընտանիքներին առավել հարմար և նոր հնարավորություններով ծառայությունից  օգտվելու տարբերակի մասին: Համացանցին կապ ունեցող ցանկացած սարքից երիտասարդ ծնողները կարող են անմիջապես գրանցվել, և նշելով բանկային հաշվի համարը կամ նախընտրելի բանկը, առանց Ծառայության տարածքային բաժիններ այցելելու, 10 օրվա ընթացքում ստանալ երեխայի ծննդյան նպաստը:

Գրեթե բոլոր ծննդատներն աջակցել են քարոզարշավին՝ համակարգի մասին իրազեկող պաստառները տեղադրելով ծննդատներում և թույլատրել Ծառայության աշխատակիցներին և կամավորներին հենց տեղերում օգնել ծնողներին գրանցվել  կայքում և առցանց դիմումով  ստանալ ծննդյան միանվագ նպաստը:

Քարոզարշավի արդյունքում առցանց դիմումների մասին ստացված վիճակագրությունն առավել քան խոսուն է. փետրվար ամսվա համեմատ առցանց դիմումների թիվն աճել է ավելի քան  11  անգամ: Այսպիսով՝ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ինչպես ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացման, այնպես էլ՝ թաքնված տարատեսակ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ:

*Գրաֆիկում ներկայացված թվերը վերաբերում են ընտանիքում ծնված 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստների դիմումներին

Նոր համակարգի ներդրումը ոլորտի  կարևորագույն բարեփոխումներից է և  բխում է շահառուների սպասարկման որակի բարելավման և առցանց ծառայությունների ընդլայնման ՀՀ կառավարության ծրագրից: