ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, նախարարության և մարզպետարանի աշխատակիցներ:
Այցելության առաջին կանգառը Վանաձորի մանկատունն էր, որտեղ նախարարին են ներկայացվել հաստատությունում վերջին շրջանում իրականացված աշխատանքները, տարածքում գործող մեքենաների վերանորոգման արհեստանոցները, որտեղ երեխաները հաճախում և ձեռք են բերում հմտություններ:
Այնուհետև նախարարը եղել է Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում, որտեղ սոցիալական աշխատողների և մանկավարժ-հոգեբանների հետ խոսել է երեխաների խնդիրներից և նրանց ընտանիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներից:
Նախարար Արտեմ Ասատրյանի հաջորդ կանգառը Վանաձորի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում էր, որտեղ շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման շրջանակներում քննարկվել են համագործակցության հնարավոր ձևաչափերը, նախանշվել առաջիկա անելիքները:
Իսկ Վանաձորի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում նախարարը ծանոթացել է իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որոնց ավարտից հետո քաղաքացիները կենտրոնում կստանան միանգամայն այլ որակի ծառայություններ և տարբեր դռներ բախելու փոխարեն կօգտվեն «ﬔկ պատուհանից»:
Լրագրողների հետ զրույցում նախարարը չափազանց կարևորել է մարզային և քաղաքային իշխանությունների համագործակցությունը երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում և նշել, որ մեկնարկը տրվելու է Լոռու մարզից:
«Մեր կարևոր նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր խնամքը ստանա ընտանիքում: Եթե դա կենսաբանական ընտանիքում հնարավոր չէ, ապա գոնե ընտանեկանին մոտ պայմաններում: Մենք այսօր մեր բոլոր հնարավոր ռեսուրսները ուղղորդում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների գնահատված կարիքների բավարարմանը»,-ասել է նախարարը:
Նախարարը խոսել է նաև ոլորտում առկա խնդիրներից, մասնավորապես մատնանշելով խնամվող երեխաների՝ հաստատությունում հայտնվելու պատճառները և դրանց ուղղությամբ տարվող կանխարգելման աշխատանքները:
«Խնդիրները նաև վերաբերում են ռեսուրսների ոչ բավարար լինելուն, դրա համար մենք նախատեսում ենք բյուջեով նախատեսված ծրագրերի վերապրոֆիլավորում, նախատեսում ենք ծառայությունների պատվիրակում: Մեր առաջիկա անելիքները հստակ են, ունենալ պետական բյուջեով ֆինանասավորվող ծրագրերի մրցութային կարգով պատվիրակում, ինչը կբերի նաև ծախսարդյունավետության բարձրացմանը և ծրագրերի ավելի հասցեական իրականացմանը »,-ընդգծել է նախարարը:
Անդրադառանալով Վանաձորում շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպմանը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ներկայիս զարգացումները պահանջում են, որ մեծ հաստատությունները վերակազմակերպվեն ցերեկային խնամքի կենտրոնների, միաժամանակ նշելով, որ անցումային փուլում հաստատությունում կապահովվի որոշակի թվաքանակով երեխաների շուրջօրյա խնամքը: Շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման ծրագրի լիարժեք իրականացման գործում, նախարարը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ-ի և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Ամփոփելով՝ նախարարը նշել է, որ շատ մեծ արդյունքներ է ակնկալում ծրագրի իրականացումից, և վստահություն հայտնել, որ Լոռու մարզում իրականացվող ծրագրի հաջողությունը առավել իրատեսական և հնարավոր կդարձնի բարփոխումներն իրականացնել մյուս մարզերում: