ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է քվոտայի կասեցման մասին որոշման նախագիծը:
2016թ.-ից հունվարի 1-ից պետական մարմինների համար, որոնք ունեն 100-ից ավել աշխատող, գործում է հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի տեղավորման համար պարտադիր ապահովման քվոտա:
Քվոտավորման ենթակա կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարման գործընթացների ուսումնասիրությունները վկայում են, որ այս փուլում դեռևս առկա են որոշ օբյեկտիվ խոչընդոտներ՝ առանձին ոլորտներում այդ պահանջի լիարժեք կատարման առումով: Նշված խոչընդոտները վեր հանելու և համապատասխան լուծումներ առաջադրելու նպատակով, պետական կառավարման թվով 28 մարմինների կողմից իրականացվել են ոլորտային առանձնահատկությունների, ինչպես նաև որոշ պետական կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջը չկատարելու պատճառների ուսումնասիրություն: Պետական կառավարման թվով 12 մարմիններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացրել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:
Խնդիրները հետևյալն են՝
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը գործող կարգավորումների շրջանակներում հնարավորություն չի տալիս լիարժեք հաշվարկել քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը,
- պետական կառավարման որոշ մարմիններում աշխատողների (ծառայողների) թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և այլն), որը անհնար է դարձնում այդ մարմինների համակարգերում գործող կազմակերպությունների համար քվոտավորման ենթակա աշխատատեղերի թվի հաշվարկը,
- քաղաքացիական, դիվանագիտական, զինվորական, քրեակատարողական, փրկարար ծառայությունների և համայնքային ծառայության պաշտոնները հաշմանդամություն ունեցող անձանցով համալրման օրենսդրական սահմանափակումները և գործնականում առկա օբյեկտիվ մի շարք այլ խոչընդոտները,
- տնտեսության ճյուղային առանձնահատկություններով պայմանավորված՝ առանձին ճյուղերում ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջի կատարման օբյեկտիվ, լրացուցիչ դժվարությունները,
- քվոտավորման ենթակա կազմակերպությունների գործատուների համար՝ իրենց մոտ աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունը,
- քվոտայի պահանջի առաջացման կամ այդ պահանջի կատարման տարվա ընթացքում քվոտավորման ենթակա կազմակերպության վերակազմակերպման դեպքում քվոտայի պահանջի կատարման խնդիրները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը:
Նախագծով առաջարկվում է կասեցնել քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը պետական և ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի չափի, քվոտայի պահանջի առաջացման համար հիմք հանդիսացող աշխատողների նվազագույն թվաքանակի (հարկային տարում միջինը 100 աշխատող) տարբերակման, ինչպես նաև պետական կառավարման ոլորտային, տնտեսության ճյուղային առանձնահատկությունների բազմակողմանի վեր հանման և բացահայտված խնդիրների համար փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու համար:
Համապատասխան աշխատանքների ամփոփումից հետո ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի քվոտայի պահանջը սահմանող «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որը կներառի բացահայտված խնդիրների փոխհամաձայնեցված լուծումները: