Նոր օրենքով նախատեսում ենք անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականությանը և ոչ թե սոցիալական պաշտպանությանը. Ա. Ասատրյան

0
120

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 26-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության միջոցով» ազգային կոնֆերանսին:

 

Իր ողջույնի խոսքում նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ գործակալությանն ու «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությանը ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքների և աջակցության համար.
«Այս ծրագիրը ճիշտ պլանավորված և ժամանակին իրականացված ծրագրերից է, որը մեծ հաջողություն է ունեցել և ունի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովումը ինստիտուցիոնալացնելու առումով: Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հասարակական կազմակերպություններին, որոնց հետ այս ծրագրի շրջանակներում տևական ժամանակ սերտ համագործակցություն ենք ունեցել և նրանց ակտիվ դերակատարման արդյունքում այսօր արձանագրում են զբաղվածությունով ապահովված հաշմանդամություն ունեցող անձանց բավական մեծ թիվ, ովքեր աշխատանքի միջոցով դարձել են հասարակության լիարժեք անդամ:

 

2016 թվականը ՀՀ  կառավարության կողմից սահմանվել է հավասար հնարավորությունների ապահովման տարի: Այս համատեքստում ու նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  իրացման  ինստիտուցիոնալացման տեսանկյունից ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ 2016 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման մասին» օրենքի ներկայացումն ու  ընդունումն է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:  Կառավարության գործունեության ծրագրում նախատեսված է մարտ ամսին օրենքի նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը, որից հետո կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը: Վստահ եմ, որ Ազգային ժողովում կունենանք լայն հանրային քննարկումներ, որպեսզի ամբողջականացնենք այն օրենքի նախագիծը, որն իսկապես շատ սպասված է: Իսկ սպասված է, քանի որ ներկայիս գործող օրենքը ընդունվել է 1993թ. և բնական է, որ արդի իրողությունները այլևս, կարող ենք ասել, դարձել են ժամանակավրեպ:

 

Մի կարևոր հանգամաք ևս կուզեի ընդգծել, այս նոր օրենքով մենք նախատեսում ենք անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականությանը և ոչ թե սոցիալական պաշտպանությանը: Սոցիալական պաշտպանությունը իհարկե շատ կարևոր է, ոլորտում իրականացվող ծրագրերը ևս շատ կարևոր են և շարունակական են լինելու, սակայն ամենակարևորն այն է, որ ստեղծենք հավասար հնարավորություններ ու հավասար պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձ իրացնի իր իրավունքները, որպես հավասարը հավասարի, որպես մեկը յուրաքանչյուրից:

 

Սա, բնականաբար, մեկ իրավական ակտ ընդունելով կամ  մեկ օրում իրականացվող միջոցառում չի կարող լինել, բայց և նախորդ տարիների և այս տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք ապահովելու են խնդիրների ինստիտուցիոնալ լուծումը, ինչը ևս շատ կարևորում եմ: Զբաղվածության ապահովումը, զբաղվածության քաղաքականության իրականացման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկումը ոլորտի հիմնարար ուղղություններից մեկն է: 

 

Եվս մեկ անգամ ՀՀ կառավարության կողմից շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ՄԶԳ գործակալությանն ու «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությանը իրականացված համատեղ աշխատանքների համար և ցանկանում են, որ այդ աշխատանքները լինեն շարունակական, իսկ մեր համագործակցությունը  ծառայի ի շահ մեր երկրում  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման»:

 

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հակոբ Հակոբյանը ևս կարևորել է պետության դերակատարումը ինստիտուցիոնալացման առումով. «Մեր նպատակն այն է, որ պետությունը ոչ միայն հոգա հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, այլև մտածի նրանց կրթության ու աշխատանքի մասին»:

 

Կոնֆերանսին իրենց ողջույնի խոսքն են հղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը, «Սեյվ դը Չիլդրեն» հայաստանյան գրասենյակի տնօրեն  Արսեն Ստեփանյանը:

 

2012 թվականից LIFE ծրագրի գործունեության ընթացքում հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով,  44 միջին մասնագիտական կրթական հաստատություներում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող  930  երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն, ստեղծվել է  19 սոցիալական ձեռնարկություն: