Նախարար Արտեմ Ասատրյանը ԲՍՓ հանձնաժողովների նախագահներից պահանջել է բարեկիրթ պահվածք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ

0
114

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը փետրվարի 26-ին  նախարար  Արտեմ Ասատրյանին է ներկայացրել  բժշկասոցիալական  փորձաքննության գործակալության  2015թ. կատարված աշխատանքների ամփոփումը: Հանդիպմանը ներկա էին նաև գործակալության բոլոր տարածքային հանձնաժողովների նախագահները:

Արմեն Սողոյանը  ներկայացնելով հաշվետու ժամանկահատվածում գործակալության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, անդրադարձել է  նաև ոլորտում առկա խնդիրներին,  բացթողումներին, մատնանշել իրավիճակը բարելավող ուղիներ:

Ամփոփելով հանդիպման արդյունքները`  նախարար Արտեմ Ասատրյանը  2015թ. ընթացքում կատարված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական  է գնահատել, միևնույն ժամանակ  պահանջել  ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիների հետ շփման  մեջ  էթիկայի նորմերը. «Ոլորտում առկա  խնդիրների ու բացթողումների կողքին ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ քաղաքացիների հետ ձեր աշխատանքին:  Բացի այն, որ դուք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում բժիշկ փորձագետ եք, դուք նաև  սոցիալական աշխատող եք, ով պետք է մարդու հետ սոցիալական աշխատանք իրականացնի: Դա դժվար գործ է, քանի որ մարդուն երբեմն դժվար  է բացատրել,  որ օրինակ՝ քո ուզած հաշմանդամության  խումբը  օրենսդրությամբ  չի կարող սահմանվել: Այդուհանդերձ, պահանջս մեկն է՝ որևէ մեկը իրեն իրավունք չպետք է վերապահի քաղաքացու հետ շփվելիս  լինի կոպիտ կամ անտարբեր:  Եթե չեք կարողանում կատարել այդ  աշխատանքը, մի աշխատեք: Սա ես բազմիցս եմ ասել, այսօր մեկ անգամ ևս հորդորում և պահանջում եմ քաղաքացիների  խնդիրներին մոտենալ ըմբռնումով և լինել բարեկիրթ, հատկապես, որ մենք աշխատում ենք հասարակության խոցելի խմբերի հետ: Մենք մեր գործունեության մեջ պետք է լինենք թափանցիկ և թաքցնելու բան չպետք է ունենանք: Նման մոտեցում պետք է լինի նաև յուրաքանչյուր տարածքային հանձնաժողովում,  քանի որ քաղաքացու նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքը  ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանքների նկատմամբ  վստահության, եզրակացությունների ու դատողությունների հիմք է հանդիսանում»,-ասել է նախարարը:

 Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը բարձրացված խնդիրների  վերաբերյալ հանձնարարել է խորացված վերլուծություններ իրականացնել ըստ ԲՍՓՀ-ների՝ հաշվի առնելով բոլոր գործոնները և ցուցանիշները /ըստ հիվանդությունների տեսակների, սահմանված հաշմանդամության խմբերի, կիրառված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչների/ և ներկայացնել առաջարկներ: