ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կազմակերպվել էր «Մարտի են գնում միայն ծերունիները» խորագրով նարդու մրցաշար:
Ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը ողջունել է խաղի մասնակիցներին և մաղթել հետաքրքիր խաղ: Նա մանրամասն բացատրել է խաղի անցկացման կանոնները, մրցանակների բաշխման կարգն ու կառուցվածքը: Խաղին մասնակցեցին 14 տարեց, ովքեր վիճակահանության միջոցով ընտրել են իրենց համարներն ու սկսել խաղալ:
Տարեցների առօրյան տուն-ինտերնատում առավել հագեցած ու ոչ միօրինակ դարձնելը հասատատության գլխավոր նպատակներից մեկն է: Հաստատության տնօրեն Խաչիկ Սարգսյանի հավաստմամբ տուն-ինտերնատում բազմաբնույթ մշակութային միջոցառումներ պարբերաբար են կազմակերպվում, տարեցները այցելում են թատրոն, կինո և այլ մշակութային օջախներ: Այս մրցաշարն ևս նպատակ ունի տարեցներին մեծ ոգևորություն և ուրախ պահեր պարգևել:
Հաստատության տնօրենն ու ֆեդերացիայի նախագահը մրցապայքարի ողջ ընթացքում հետևել են տարեցների խաղին, նարդու զառի արդյունքի շուրջ փոքրիկ վիճաբանություններին: Խաղի ավարտին ֆեդերացիայի կողմից հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով ու դրամական պարգևներով:
Առաջիկայում նարդու մրցաշարեր կկազմակերպվեն նաև նախարարության մյուս տուն-ինտերնատներում:
Նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվում և խնամվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած (65 տարեկան), չաշխատող քաղաքացիներն ու հաշմանդամություն ունեցող անձինք: Տուն-ինտերնատին կից գործում է նաև անկողնային հիվանդների բաժանմունք, որը նախատեսված է անկողնային հիվանդների համար, ովքեր հատուկ խնամքի և բժշկական օգնության կարիք ունեն: Տուն-ինտերնատում ներկայումս բնակվում է 242 տարեց: