Մեր քաղաքականության հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին է. Ա. Ասատրյան

0
106

Նախարարի ելույթը՝ «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» գիտաժողովում

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ  մեր մայր բուհում «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում»  խորագրով գիտաժողովի նախաձեռնումը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և մեր բոլոր գործընկերներին այսպիսի հնարավորություն ընձեռելու  համար:

25 տարվա մեր պատմությունը իսկապես առիթ է հետադարձ հայացք ձգելու մեր նորանկախ պետության սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը,  և փորձել  այս առիթը օգտագործել իմաստավորելու անցած ճանապարհը և ամենակարևորը՝ առաջիկայում անցնելիք ճանապարհը:

Հաշվի առնելով, որ գիտաժողովի օրակարգում ընդգրկված են  նաև  մեր գործընկերների՝ նախկին նախարարների, փոխնախարարների, մեր վարչության պետերի զեկույցները,  վստահ եմ, որ մենք հանգամանալից անդրադարձ կունենանք և խնդիրներին և անցած ճանապարհին և, իհարկե,  ձեռքբերումներին:

Առիթն օգտագործելով կփորձեմ ավելի հակիրճ, ամփոփ անդրադառնալ սոցիալական պաշտպանության ոլորտի կամ համակարգի զարգացումներին՝  ներկայացնել ձեր ուշադրությանը վերջին տարիների զարգացումներն ու առաջիկա անելիքները սոցիալական պաշտպանության ոլորտում:

Նախ 25 տարվա պատմությունը ես կբաժանեի  որոշակի փուլերի, որպեսզի ավելի առարկայական լինի մեր պատկերացումները անցած ճանապարհի և անցնելիքի հետ կապված:

Առաջին ժամանակահատվածը պետք է դիտարկել 90-ականների սկզբից մինչև 90-ականների վերջը, երբ նորանկախ պետության առաջին տարիներին սոցիալական պաշտպանության համակարգում հիմնականում իրավիճակային, օպերատիվ լուծում պահանջող խնդիրներն էին,   որոնք իսկապես շատ մեծ եռանդ էին պահաջում, որպեսզի հնարավոր լիներ այդ ժամանակահատվածում երկրի ու մեր բնակչության առջև ծառացած խնդիրներին լուծումներ տալ:

Երկրաշարժին հաջորդած պատերազմը բնակչության շրջանում էլ ավելի խորացրեց սոցիալական խնդիրները, իսկ այդ ժամանակահատվածում երկրում գերակշռում էին սոցիալական օգնության ծրագրերը:  Եթե հիշողությունս չի դավաճանում, գրեթե ողջ բնակչությունը հաշվառված էր «Փարոս» համակարգում: Շուրջ 700 000 ընտանիքի տրամադրվում էր վառելիք, սնունդ, կենսական միջոցներ:

Շատ ծանր ժամանակահատված էր սոցիալական աշխատողների, սոցիալական ծառայությունների համար, քանի որ սոցիալական օգնություն՝ սահմանափակ ռեսուրսներով և հնարավորինս հասցեական, պետք է տրամադրվեր մեր բնակչությանը՝  հատկապես խոցելի խմբերին, իսկ այդ ժամանակ խոցելի էին գրեթե բոլորը:

1999 թվականին ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների  արդյունքում ներդրվեց անպահովության գնահատման համակարգը:

Այդ տարիներին ողջ աշխարհում և մեր երկրում զուգահեռ ընթացող տնտեսական ավելի լայն հնարավորությունները թույլ տվեցին  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացնել ամենատարբեր ծրագրեր: Սոցիալական ծրագրերն  ուղղված էին բնակչության խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին: Եթե ուշադրություն դարձնեք այդ տարիների պետական բյուջեները, կտեսնեք, որ  սկսել էին բավականին ավելանալ սոցիալական պաշտպանության ուոլտում իրականացվող ծրագրերի թիվը, ինչը նշանակում էր,  որ սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող զարգացումները բերել էին որոշակի ծաառյությունների պահանջի ձևավորմանը:

Գործընկերային հարաբերություններ սկսեցին ձևավորվել հասարակական կազմակերպությունների հետ, այն կառույցների հետ որոնք նախկինում իրականացնում էին այդ աշխատանքները: Սկսեց ձևավորվել պետական մարմինների հետ համագործակցության դաշտ:

2003թ. ՀՀ կառավարությունը հաստատեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր և այդ ժամանակահատվածում բնականաբար ռազմավարական ծրագրի միջոցով համակարգային ձևաչափով փորձ արվեց անդրադառնալ աղքատության հիմնախնդիրներին:

Այդ փուլն ավարտվեց 2008-2009թթ. և աշխարհում վրա հասավ ֆինանսատնտեսական ճգնաժամ, նոր մարտահրավերներ: Մենք թևակոխել էինք արդեն համակարգային զարգացման փուլ, սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային  բարեփոխումների իրականացման փուլ և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը վերափոխվեց կայուն զարգացման ծրագրի:

Միևնույն ժամանակ այն զուգակցվեց նոր դժվարություններով, մարտահրավերներով, խնդիրներով, քանի որ համակարգային փոփոխությունների և նոր ռազմավարությունների իրականացման համար անհարժեշտ էին ավելի մեծ ռեսուրսներ:

Այս համատեքստում վերջին տարիներին իրականացված քաղաքակության շրջանակներում պիտի նշեմ, որ հիմնական մարտահրավերները եղել են աղքատության նվազման, գործազրկության և արտագաղթի հետ կապված խնդիրների լուծումը: Եվ այդ շրջանակներում մեր կարևորագույն ծրագրային խնդիրներից մեկը դարձավ այն, որ մենք աղքատությունը պետք է հաղթահարենք առաջին հերթին հասարակության  խոցելի խմբերի կարիքները գնահատելով և գնահատված կարիքներին համապատասխան սոցիալական ծառայություններ տրամադրելու միջոցով:

Երբևէ հնարավոր չէ աղքատությունը հաղթահարել բացառապես դրամական միջոցներ կամ տրանսֆերտներ տրամադրելու միջոցով: Դա հարցի հիմնարար լուծում չի կարող հանդիսանալ:

Իհարկե, եթե մենք ուշադրություն ենք դարձնում վիճակագրական ծառայության կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների տվյալներին մենք կտեսնենք, որ եթե չլինեին տրանսֆերտները, սոցիալական կենսաթոշակներն ու սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը երկրում շատ ավելի մեծ կլիներ:

Օրինակ, եթե վերցնենք 2014թ. տվյալները, ըստ որի աղքատությունը  30 տոկոս է,  ապա առանց սոցիալական կենսաթոշակների ու սոցիալական աջակցության  աղքատությունը կլիներ շուրջ 50 տոկոս: Եթե խոսում ենք ծայրահեղ աղքատության մասին, ապա ծայրահեղ աղքատությունը ավելին կլիներ 6 անգամով, եթե մենք չիրականացնենք սոցիալական տրասֆերտների այս  քաղաքականությունը:

Սոցիալական ապահովության ոլորտում ամենամեծ ծախսային ծրագրերը կենսաթոշակային ապահովության ծրագրերն են և անապահովության գնահատման համակարգի շրջանակում տրամադրվող կենսամակարդակի բարձրացմանն  ուղղված նպաստները:

Սոցիալական ոլորտին տրամադրվող 365 միլիարդ դրամ  բյուջեում 250 միլիարդ դրամը կենսաթոշակային ծախսերն են,  շուրջ 80 միլիարդ դրամը նպաստներն են՝ ընտանեկան նպաստ, ծննդյան միանվագ նպաստ: Եվ այստեղ հասկանալի է դառնում,  որ միջոցների հիմնական մասը ուղղելով առաջին հերթին աղքատության  ռիսկի ենթակա կատեգորիաներին՝ փորձում ենք  աղքատության գծից ցածր գտնվող անձանց այդ գծից վերև բարձրացնել:

Այս առումով կենսաթոշակառուները, ովքեր հնարավորություն չունեն իրենց սեփական միջոցներով լուծել իրենց խնդիրները,  ամենախոցելիների շարքում են և այս շրջանակներում էապես կարևորվում են պետության կողմից տրամադրվող կենսաթոշակները:

Եթե նայենք վերջին տարիների կենսաթոշակների ավելացումները,  պետք է նշենք, որ այդ ուղղությամբ բավական մեծ աշխատանք  է արվել և շարունակվում է արվել: Իհարկե կենսաթոշակի մակարդակն այսօր բավարար չէ, քանի որ միջին կենսաթոշակի չափը 41 000 դրամ է և, բնական է, որ մեր կենսաթոշակառուների հիմնական կենսական խնդիրները լուծելու համար այդ գումարները պիտի ավելացվեն:

Բայց եթե նայենք վերջին տարիների ավելացումներին, յուրաքանչյուր տարի շուրջ 30 միլիարդ դրամ ավելացնելով այդ ծախսերը հնարավորություն է ստեղծվել 14-15թ.. միջինը շուրջ 15 տոկոսով յուրաքանչյուր տարի ավելացնել կենսաթոշակները:

Վերջին տարիներին  կենսաթոշակային ապահովության ոլորտում ներդրվել են  տեղեկատվական համակարգեր, ինչի արդյունքում մենք ունեցել ենք շոշափելի խնայողություններ, որոնք հասնում են տասնյակ միլիարդների: Եվ դրանք ուղղվել են կենսաթոշակների, նպաստների  չափերի բարձրացմանը:

Հաջորդ կարևոր ուղղությունը զբաղվածության ոլորտում վարվող քաղաքականությունն է, որի հիմնական շեշտադրումը աշխատանք փնտրող անմրցունակ անձանց աշխատաշուկայում աշխատանքով ապահովելն է: Այս առումով պետք է կարևորեմ զբաղվածության ոլորտում իրականացվող  մեկ տասնյակից ավել ծրագրերի իրականացումը  ՀՀ ողջ տարածքում:

Աշխատավարձի ոլորտում իրականացվեցին  համակարգային բարեփոխումներ և  2014թ. ուժի մեջ մտավ աշխատանքի վարձատրության նոր համակարգ, որն էական և երկար սպասված փոփոխություն էր:   Մյուս ուղղությունը սոցիալական փաթեթներն էին, որոնք ներդրվեցին որպես աշխատանքի և  վարձատրության մաս: Այս համակարգը նույնպես էական դերակատարում ունի պետական կառավարման համակարգում:

Ոլորտի հիմնական ուղղությունները շարունակում են մնալ սոցիալական աջակցության ոլորտում: Մեր քաղաքականության հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին է և  այս համակարգային փոփոխությունների արդյունքում ակնկալում ենք դրամական ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների  ավտոմատացում:

Ծառայությունների ավտոմատացումը հնարավորություն կտա  սոցիալական աշխատողին զբաղվել իրական աշխատանքով, աշխատանք՝ անձի, ընտանիքի հետ:  Սոցիալական աշխատողն ու սոցիալական աշխատանքը համայնքային աշխատանք է:  Ունենալով  համայնքային սոցիալական ծառայություններ՝ մենք  շատ ավելի հասցեական և նպատակային ենք  դարձնելու մեր  սոցիալական ծառայությունները: Ամենակարևորը, որ պետք է իրականացվի այս ոլորտում՝ դա գնահատված կարիքի հիման վրա համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն է:

Մենք այսօր ունենք սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր կազմակերպություններ, որոնք դեռևս չենք էլ գույքագրել, և որոնք, կարելի է ասել,  անկախ, ինքնաշխատ գործում է երկրում:  Այս համատեքստում մենք  նախատեսում ենք սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման  աշխատանքներ, որոնք առաջիկայում շատ ավելի մեծ թափով կսկսենք  իրականացնել:

Մյուս ուղղություններով ևս բնական է, որ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք արել, հատկապես կուզենայի նշել հաշմանդամության ոլոտում իրականացվող աշխատանքները: Այստեղ շատ դժվար է փոփոխություններ անել,  քանի որ գործ ունենք մտածողության փոփոխության հետ,  այն կարծրատիպերի, որ տարիներ շարունակ են ձևավորվել:

Նախկինում ընդունված քաղաքականությունը, երբ  հաշմանդամություն ունեցող անձանց մասով կար միայն սոցիալական աջակցություն կամ օգնություն ցուցաբերելու քաղաքականություն՝ հնարավորինս մեկուսացնում էր այդ անձանց հասարակությունից: Այսօր տրամագծորեն հակառակ մոտեցումն է, որ վերաբերում է սոցիալական ներառմանը և բնական է, որ այս թեզը իրականություն դարձնելու համար մեծ ծավալի  հսկայական աշխատանք է պետք: Միջավայրի մատչելությունից սկսած՝  ավարտած ամենատարբեր սոցիալական ծրագրերով, մոտեցումներով և ամենակարևորը՝ քայլ առ քայլ  մեր քաղաքացիների  մոտ մտածողություն է փոխվում, այն է, որ   հաշմանդամություն ունեցող անձը ոչ թե օգնության կամ խղճահարության կարիք ունի, այլ պետք է կարողանանք ստեղծել հավասար հնարավորություններ, որ նա ևս լիարժեք իրացնի իր  իրավունքները: Սա, իհարկե, շատ կարևոր ուղղություն է: Ես նաև պիտի նշեմ, որ այս տարի կառավարության կողմից հայտարարվել է հավասար հնարավորությունների տարի և մեր մյուս գործընկերների հետ նախաձեռնել ենք համապատասխան միջոցառումների իրականացում և կարծում եմ, որ աստիճանաբար այս ոլորտում մենք զգալի հաջողություններ ենք գրանցելու:

Երեխաների պաշտպանության ոլորտում ևս կարևոր բարեփոխման փուլ է: Այսօր մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի հիմնական թեզն այն է, որ երեխան պետք է ապրի ընտանիքում: Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի և ընդունելի թեզ է, որովհետև  երեխայի համար ընտանիքից  դուրս  որևէ այլ տեղ չի կարող լինել ավելի ճիշտ խնամք, ավելի լավ միջավայր, որքան  էլ պետությունը  մեծ ռեսուրսներ  տրամադրի խնամքի հաստատություններում և  պատշաճ խնամք իրականացնի:

Միևնույն է, երեխան ոչ-ընտանեկան  միջավայրում մեծանալով և  մտնելով հասարակություն՝ բախվում է այն բոլոր խնդիրներին, որոնց ընտանիքում մեծացած երեխան չի բախվի, քանի որ ընտանիքում ապրելով երեխան հասարակության լիարժեք մաս  է կազմել և շատ ավելի հեշտ է ինտեգրվել հասարակությանը:

Սա որպես  գերակա խնդիր ամրագրված է կառավարության ծրագրում մենք շատ առարկայական քայլեր ենք իրականացնելու այս ուղղությամբ: Այստեղ նույնպես   մեր հիմնական խնդիրը  զարգացած սոցիալական ծառայություններ ունենալն է, որոնք  ուղղակի կկանխարգելեն երեխաների մուտքը հաստատություններ:

Բեռնաթափման քաղաքականության կամ մեծ հաստատությունները աստիճանաբար վերափոխելու մասին խոսելով՝ առաջին հերթին  նկատի ունենք այլընտրանքային սոցիալական ծառայությունների զարգացումը և դրա միջոցով մեր ընտանիքներին ու երեխաներին ուղղված ծրագրերի միջոցով նրանց խնդիրներին լուծումներ ապահովելը, որպեսզի նրանք չհայտնվեն մեծ հաստատություններում:

Շատ են ասելիքներն ու արված աշխատանքներն ու անելիքները, բայց ես կուզեի անդրադառնալ մի կարևորագույն համակարգային փոփոխության ևս,  դա մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրումն է սոցիալական պաշտպանության ոլորտում: Մենք նպատակ ենք դրել, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծախսային բոլոր ծրագրերը և մատուցվող ծառայությունները հստակ սահմանված անձնագրերի, ցուցանիշների, չափորոշիչների հիման վրա գնահատման ենթարկվեն, ինչը մեզ  թույլ կտա որոշումներ կայացնել այդ ծրագրերի անհրաժեշտության, փոփոխությունների անհրաժեշտության, ընդհանրապես շարունակման վերաբերյալ:

Սա համակարգային լուրջ փոփոխություն է, մենք արդեն առաջին փորձերն ունենք և առաջիկայում դրանք համակարգային հիմքի վրա կդրվեն:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և հաջողություններ մաղթում գիտաժողովի աշխատանքներին: