Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, հակահեղեղային միջոցառումների իրականացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը և մի շարք այլ հարցեր:
Քննարկվել են Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» շրջանակներում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀԲ 2-րդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում ստեղծել ևս 37 տարածքային կենտրոն, որոնցից 20-ը պետք է շահագործման հանձնվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նման կենտրոնների թիվը ներկայիս 18-ից պետք է հասցվի 52-ի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ մարզպետների հետ քննարկել կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ տարածքների հատկացման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Վարչապետն անդրադառնալով Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատանքին, ևս մեկ անգամ կարևորել է դրանց թափանցիկ և անաչառ գործունեությունը, միջոցները խիստ արդյունավետ օգտագործելու նպատակով: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է շարունակել հետևողական քայլերը՝ ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով: