Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է ժողովրդագրական պատկերը փոխող երեք հիմնական ուղղությունները

0
120

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի  4-ին ներկա է գտնվել  ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպած «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումներին:

Կարևորելով օրենսդրական հանձնաժողովների կողմից հրավիրած քննարկումը՝ նախարարը նշել է, որ այսօր խիստ արդիական է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը: Ժողովրդագրական իրավիճակը համարելով ազգային անվտանգության բաղադրիչ՝ նախարարը կոչ է արել համակարգված կերպով իրագործել ժողովրդագրական բարելամանն ուղղված միջոցառումները, անկախ այն հանգամանքից՝ դրանք նախատեսված են բյուջեով, թե ոչ:

Նախարարի խոսքով՝ քննարկվող նախագիծն արդեն իսկ ներկայացված է ՀՀ կառավարություն և առաջիկայում կլինեն քննարկումներ, իսկ հաստատումից հետո, միջոցառումները կսկսեն իրագործվել փուլ առ փուլ:

Նախարար Ասատրյանը բազմաբովանդակ ու լայնաշերտ նախագծից առանձնացրել է այն երեք կարևոր առանցքային ուղղությունները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում էականորեն կփոխվի երկրի ժողովրդագրական պատկերը. դրանք են՝ բնակարանային ապահովության, զբաղվածության, և առողջապահական  խնդիրները: Ըստ նախարարի՝ այս երեք հիմնական ուղղություններով տարվող պետական քաղաքականությունը միտված է, որպեսզի հայաստանաբնակները շահագրգռված լինեն մնալ և ստեղծագործել Հայաստանում: «Պետք է հաշվի առնենք, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները երկարաժամկետ են, դրանք չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ առարկայական արդյունքներ ապահովել, բայց օր առաջ պետք է ներդնենք այն կառուցակարգերը, որոնք նախատեսում են իրավիճակի բարելավմանն ուղղված առարկայական միջոցառումներ և, ամենակարևորը, համախմբելու են բոլորիս ջանքերըե,֊-նշել է նախարարը:

Անդրադառնալով,  մասնավորապես,  բնակարանային ապահովման խնդրին՝ նախարարը ընդգծել է կանխավճարի  հանգամանքը, որը երիտասարդ ընտանիքների համար  հիմնականում դժվարություններ է ստեղծում բնակարան ձեռք բերելու հարցում և շաղկապվում է զբաղվածության հարցի հետ, հատկապես եթե աշխատավարձերը ցածր են: «Ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել: Սա կարող ենք իրագործել սոցիալական բնարականային ֆոնդի ձևավորման նոր ռազմավարությամբ»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Ներկայացված նախագծի համաձայն, հնարավոր է բնարակարաններ ձեռք բերել  առաջնային և երկրորդային շուկաներից մինչև  15 մլն դրամով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝  տարեկան մարելով առավելագույնը 12%, որի  2% կսուբսիդավորվի պետության կողմից:

Բնակարանային ծրագրի հաստատման արդյունքում  30 տարի շարունակ տարեկան 1 միլիարդ դրամ ներդնելով՝ հնարավոր է լուծել Հայաստանում բնակարանային ապահովության խնդիր ունեցող մեծաթիվ ընտանիքների խնդիր:

Քննարկմանը ներկա էին  ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, Առողջապահության նախարարը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ,  ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ոլորտում շահագրգիռ  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: