Աղվերանում քննարկվել են սոցիալական դեպքի վարման կարողություններն ու դրանց զարգացման հեռանկարները

0
121

Փետրվարի 26-ին և 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի հետ համատեղ «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում և տեղական զարգացման մեջ միգրանտների ներգրավվածության բարձրացում. դեպքի վարման բաղադրիչ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Սոցիալական դեպքի վարման կարողությունների զարգացում» թեմայով սեմինարը Աղվերանի «Բեսթ-Վեսթերն» հյուրանոցում: Սեմինարը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը:

Սեմինարին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը։ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և պլանավորված գործողությունները: Սեմինարի ընթացքում ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը ներկայացրել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շրջանակներում սոցիալական դեպքի վարման քաղաքականության արդի զարգացումները» թեմայով զեկույցը:

Ծրագրի համակարգողը և մարզերի հետ աշխատանքների համակարգողներն ամփոփ ներկայացրել են  ծրագրի նախորդ փուլում ստացված արդյունքները: «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրել է նաև դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգի  նոր լուծումները: Դեպքի վարման տեղեկատվական համակարգի նոր լուծումների հետ կապված կազմակերպվել է խմբային աշխատանք, որի ընթացքում սոցիալական աշխատողները բաժանվել են 4 խմբերի, յուրաքանչյուր խմբի համար նշանակվել է մոդերատոր և կատարված թիմային աշխատանքի արդյունքում մոդերատորները ներկայացրել են յուրաքանչյուր խմբի կողմից ձևավորված առաջարկները:

Սեմինարի ընթացքում քննարկվել են  նաև դեպքի վարման տեղեկատվական համակարգի բովանդակային և տեխնիկական բարելավման մեթոդները: Սոցիալական աշխատողներին հանձնվել են  աջակցող նյութեր, այդ թվում ինտեգրված սոցիալական ծառայությունների և գիտելիքների կառավարման և հետազոտական ռեսուրսների առգիծ տեղեկատվական համակարգերից օգտվելու նպատակով օգտվողի անուն և գաղտնաբառ պարունակող ծրարներ։ Սեմինարի վերջում հարց ու պատասխանի ընթացքում դեպք վարողները անդրադարձել են իրենց հուզող խնդիրներն, ինչի արդյունքում կազմակերպվել է սպառիչ քննարկում: Նախարարի առաջին տեղակալ պարոն  Պետրոսյանը ամփոփելով սեմինարը՝ նախանշել է  հետագա իրագործման քայլերը:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության, աշխատանքի և զբաղվածության, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման, վերլուծության և մոնիթորինգի, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունների պետերը և ներկայացուցիչները, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենը և ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի մյուս անդամները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը, ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի սոցիալական աշխատողները և այլոք: