ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպեց Փերքինս միջազգային դպրոցի Եվրոպայի և Ասիայի համակարգող Դեննիս Լոլլիի հետ:
Բարձր գնահատելով շարունակական համագործակցությունը Պերկինս միջազգային դպրոցի հետ՝ նախարարը վստահեցրեց, որ երկար տարիների համագործակցությունը դպրոցի հետ շատ արժեքավոր է, քանի որ գիտելիքներն ու հմտությունները, որոնք դպրոցի կողմից տրվում են մասնագետներին, կարևոր դեր են խաղում որակյալ սոցիալական ծառայություններ մատուցելու գործում:
Դեննիս Լոլլին նույնպես կարևորեց համագործակցությունը նախարարության հետ, քանի որ այն մեծ դեր է խաղում ծրագրային առաջարկություններ ներկայացնելիս և հետագա գործընթացներում: Համակարգողն ընդգծեց Խարբերդի և Գյումրու մասնագիտացված մանկատների հետ տարվող աշխատանքների կարևորությունը և խոսեց առաջիկայում ակնկալվող ծրագրերի մասին:
Նախարարն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում մեծ բարեփոխումներ են իրականացվում երեխաների պաշպանության ոլորտում, որի հիմնական գաղափարը հետևյալն է՝ «Երեխան պետք է ապրի ընտանիքում»: Այս առումով ներկայացրեց այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգը, որը թույլ կտա կանխարգելել երեխայի մուտքը տարբեր հաստատություններ՝ ցերեկային խնամքի կենտրոններ, սոցիալական վերականգնողական տարբեր հաստատություններ:
Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ այս համակարգի ներդնումը ծանր և երկարատև գործընթաց է, սակայն այն կունենա գործողությունների հստակ ժամանակացույց, հստակ քայլեր, ակնկալվող արդյունքներ, ինչպես նաև կլինի միջազգային գործընկերների հետ հաստատված մաստեր-պլան:
Հանդիպման ավարտին նախարարը նշեց, որ ուրախ կլինի հստակ ձևաչափով, հստակ մոդուլով աշխատել Փերքինս միջազգային դպրոցի հետ, իսկ Դեննիս Լոլլին պատրաստակամություն հայտնեց միանալ իրականացվող ծրագրերին: