Ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանության բարելավման տարբերակները

0
126

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մայիսի 27-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանության բարելավման տարբերակները։

Աշխատանքային քննարկման բացման խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի մոտ 30 տոկոսը կազմող սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խիստ կարևոր է ունենալ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված և անխափան գործող մոնիթորինգի և գնահատման համակարգ։ «Անցած երեք տարիների ընթացքում այդ ուղղությամբ տարվել է հսկայական աշխատանք, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել բարելավել 2013 թվականին ներդրված մոնիթորինգի և  գնահատման մեթոդաբանությունը»,- ասել է նախարարը:

Նախարարի տեղակալ տիկին Սոնա Հարությունյանն իր հերթին նշել է, որ 2014 թվականին նախարարության և ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի մասնագետների հետ համատեղ ձևավորված աշխատանքային խումբը՝ միջազգային փորձագետների ակտիվ աջակցությամբ իրականացրել է հսկայական աշխատանք մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության կատարելագործման և ամբողջականացման ուղղությամբ: «Այնուամենայնիվ, այս ուղղությամբ դեռևս կան անելիքներ և դրանք ավարտին կհասցվեն նախարարության միջոցով Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական ծրագրերի մոնիթորինգի իրականացման և արդյունավետության գնահատման անձնագրերի, մոնիթորինգային ցուցանիշների մշակման և ներդրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում, որոնց վերաբերյալ կազմված ամփոփ հաշվետվությունները առաջիկայում կներկայացվեն  շահագրգիռ կողմերին»,- հավելել է նախարարի տեղակալը։

«Վիվատ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանն էլ ներկայացրել է այն մոտեցումներն ու առաջարկությունները, որոնք, ըստ փորձագետի, նախարարության մոնիթորինգի և գնահատման  համակարգը կդարձնեն առավել ամբողջական։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է աշխատանքային խմբի կողմից մշակված մեթոդաբանությունը, որի համար հիմք են հանդիսացել նախարարությունում ձևավորված փորձն ու միջազգային լավագույն չափանիշները: Առաջարկվող մեթոդաբանության կիրառմամբ արդեն իսկ գնահատվել են «Աշխատանքային կենսաթոշակներ» և «Վճարման ծառայություններ» ծրագրերը։

Քննարկմանը մասնակցում էին ՄԳ համակարգի բարեփոխման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծված աշխատանքային խմբի անդամները, նախարարության աշխատակիցներ, ՀՀ ՍԱՊԾ և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, ՀԲ «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» վարկային ծրագրի և «Վիվատ Քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչներ։