«Մանկական պալիատիվ խնամքը պահանջում է բազմամասնագիտական մոտեցում». Ջեմմա Բաղդասարյան

0
117

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը փետրվարի 26-ին մասնակցել է «Տեսությունից մինչև պրակտիկա. Մանկական ամոքիչ օգնության զարգացումը՝ ամոքիչ օգնության շրջանակում» միջազգային գիտաժողովին: Քննարկմանը ներկա էին բժիշկներ, ոլորտի մասնագետներ, ովքեր ներկայացրել են մանկական ամոքիչ օգնության դեպքում իրականացվող ստացիոնար և տնային խնամքի առանձնահատկություններն ու մատուցվող ծառայությունների տեսակները:

«Մանկական ցավամոքիչ խնամքը կենտրոնանում է հիվանդ երեխայի կյանքի որակի բարձրացման և ընտանիքի աջակցության հարցերի վրա: Անկախ այն բանից, թե հիվանդի խնամքի տրամադրման ինչ եղանակ է ընտրվում խնամքի հաստատություններում, համայնքային առողջապահական կենտրոններում, թե տանը, մանկական պալիատիվ խնամքը պահանջում է բազմամասնագիտական մոտեցում: Երբ մեկ թիմում աշխատում են ցավամոքիչ խնամքի ոլորտում աշխատելու համար վերապատրաստված մասնագետներ /բժիշկներ, սոցիալական աշխատողներ, վերականգնողաբաններ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, իրավաբաններ և այլն/: Միանշանակ, թիմում պարտադիր է նաև ընտանիքի անդամների և համայնքի  մասնակցությունը»,-  իր խոսքում ընդգծել է տիկին Բաղդասարյանը:

Տիկին Բաղդասարյանը նշել է նաև, որ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի դերը նշված գործընթացներում: 2004 թվականից «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բազմաթիվ ուսանողներ են հմտանում բուհական համակարգում: Նախարարության պատվերով արդեն իսկ վերջին 1-2 տարիների ընթացքում բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերում իրականացվում է նեղ մասնագիտական ուսուցում` երեխայի և ընտանիքի հետ սոցիալական աշխատանքի մասնագիտացման նպատակով:

Առանձնացնելով քննարկվող խնդրի կարևորությունը՝ մասնակիցները նշել են նաև, որ Հայասատանում անհրաժեշտ է ունենալ որևէ կառույց, որը կկարողանա բժշկական, սոցիալական, հոգեբանական, իրավաբանական, հոգևոր օգնություն առաջարկել ցավամոքիչ օգնության կարիք ունեցող երեխաներին, հատկապես հիվանդության զարգացման վերջին փուլերում:

Քննարկմանը ներկայացվել են նաև համապատասխան կենտրոնի, մատուցվող ծառայությունների կազմակերպման, ցավամոքիչ խնամքի մեթոդաբանության ստեղծման ու  մասնագետների վերապատրաստման խնդիրները: