Ընդունվել է կամավորականներին աշխատանքային երաշխիքներ տվող օրինագիծը

0
102

Մայիսի 25-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ  կառավարության առաջարկը:

Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նախագիծը և տեղեկացրել, որ ներկայացված նախագծի մշակումը պայմանավորված է ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի խախտման հետևանքով և կամավորական հիմունքներով սահման մեկնող ու զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց լրացուցիչ աշխատանքային երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Ըստ նախագծի, ապրիլի 1-ից հետո կամավորականների համար սահմանվում են լիարժեք երաշխիքներ` աշխատատեղի պահպանում և աշխատավարձի վճարման կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:

Նախագծով նաև հետադարձ ուժ է տրվում, և այս իրավունքը տարածվում է ապրիլի մեկից հետո առաջացած հարաբերությունների վրա:

«Կան գործատուներ, ովքեր ազատել են մարտական գործողությունների գոտի մեկնած կամավոր աշխատողներին: Աշխատատեղի պահպանման երաշխիքը բոլոր կազմակերպությունների վրա է տարածվելու: Սա իրավական հիմք է, որով հստակ իրավական լուծում է տրվում և կամավորության տվյալ ժամանակահատվածում տվյալ անձինք ունենում են կարգավիճակ, համապատասխան երաշխիքներ»,-հայտարարել Արտեմ Ասատրյանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկին կողմ է քվեարկել 106 պատգամավոր: