«Մանկատուն հանձնվող երեխաների թիվը պակասել է». Գ. Գյունաշյան

0
235

Երբեմն շատ անգամ  ավելի դաժան է  գտնվում կյանքը, քան մենք պատկերացնում ենք: Առավել ևս, երբ խոսքը մանկատան այն երեխաների մասին է, որոնք կամա, թե ակամա, ուզենալով, թե չուզենալով` մի կողմից զրկված են ընտանեկան ջերմությունից, մյուս կողմից էլ նաև առողջական լուրջ խնդիրներ ունեն: Քանի որ սա թերևս ամենացավոտ թեմաներից մեկն է, ուստի այս անգամ  փորձեցինք անդրադառնալ հայաստանյան մանկատներում ապրող երեխաների խնդիրներին, պարզել, թե քանի՞ երեխա է այսօր բնակվում մանկատներում, ինչպե՞ս է լուծվում նրանց կրթական խնդիրները և վերջապես տարիների ընթացքում առանց ծնողի խնամքի մնացած երեխաների թիվը գնալով աճո՞ւմ է, թե` հակառակը: Այս և այլ հարցերի շուրջ Iravunk.com-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ ԳԵՂԱՆՈՒՇ ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադառնալով պետական մանկատների խնամքին հանձնած երեխաների թվին` ասաց.
«ՄԵԾ ԹԻՎ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ  ՄԻՆՉԵՎ  ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ»

-Ինչպես հայտնի է  հանրապետությունում ունենք պետական խնամքի վեց մանկատուն, որոնցից երեքը` «Խարբերդը», «Մարի Իզմիրլյանը», «Գյումրու երեխաների տունը», մասնագիտացված են. այնտեղ խնամվում են հատուկ կարիքներով, բազմակի արատներով հաշմանդամ երեխաներ: Իսկ ընդհանուր առմամբ պետական մանկատներում խնամվում է 710 երեխա, որոնցից 500-ից ավելին գտնվում են մասնագիտացված մանկատներում: Այսինքն, այսօր մանկատներում երեխաների թիվը հիմնականում պայմանավորված է հիվանդ երեխաների ուղեգրմամբ: Իսկ դա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, երբ երեխաները ծնվում են բազմաթիվ արատներով` դաունի, այլ ախտանիշներով, ցերեբրալ պարալիզներով: Եվ նման երեխաներին, ցավոք,  ծնողները հիմնականում ստիպված են հանձնել պետության խնամքին հաճախ ոչ իրենց կամքով ու մեծ ցավ ապրելով:

– Հիմնականում ի՞նչ տարիքի երեխաներ են գերակշռում մանկատներում:

– Ընդհանուր վիճակագրական տվյալներով` այսօր պետական մանկատներում մեծ թիվ են կազմում մինչև տասը տարեկան երեխաները: Չհաշված Խարբերդի մանկատունը, քանի որ «Խարբերդն» ունի նաև չափահաս սաներ, որոնց հետ կապված կառավարությունը նոր ծրագիր ունի: Եվ, առաջինը թերևս Ձեզ կասեմ դրա մասին` գիշերօթիկ դպրոցներից մեկը վերակազմավորվում է և դառնում է «Ձորակ», որտեղ կբնակվեն «Խարբերդի» չափահաս սաները, ովքեր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Այսինքն, եթե չափահաս սաները դուրս գան «Խարբերդից», մանակատաներում բնակվող սաների թիվը գրեթե 180-ով կպակասի:

«ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»

Այսինքն կարելի է ենթադրել, որ համեմատած նախորդ տարիներին` մանկատուն հանձնվող երեխաների թիվը նվազո՞ւմ է: 

-Չհաշված հիվանդ երեխաների թիվը: Օրինակ, եթե հանրապետության ամենամեծ մանկատներից մեկը` Գավառի մանկատունը չորս-հինգ տարի առաջ ունեցել է մինչև հարյուր քսան երեխաներ, այս պահին ունի ընդամենը վաթսուն-վաթսունհինգ սան: Այսինքն, այո, կարելի ասել, որ մանկատուն հանձնվող երեխաների թիվը պակասել է:
Մանկատների բեռնաթափման մեջ առհասարակ մեծ դեր ունի նաև կանխարգելման բաղադրիչը` մենք ունենք այսօր մի շարք ՀԿ-ներ, որոնք մասնակիորեն ֆինանսավորվում են պետությունից և աշխատանք են տանում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ` Հայաստանի տարբեր մարզերում: Այսինքն, մանկատներում երեխաների թվի նվազումը պայմանավորված է նման ծրագրերի իրականացումներով: Դրանք արդարացված են նաև նրանով, որ օգնում են ծնողներին, որ նրանք իրենց ընտանիքներում պահեն թեկուզ արատներով երեխաներին. այս դեպքում ծնողի  կողքին կանգնում է մասնագետը, ով պատրաստակամ է երեխային պահելու, որպեսզի երեխան չհայտնվի մանկատանը կամ գիշերօթիկ հաստատությունում: Դրա համար այսօր մենք կարևորում ենք այլընտրանքային կառույցների կայացումը և հուսանք, որ մոտ ապագայում, երբ բոլոր մարզերում հավասարաչափ կունենանք գոնե արդեն մասնակիորեն կայացած այլընտրանքային ծառայություններ` հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ապա մանկատների երեխաների թիվը ավելի կպակասի: Վերևից` երբ երեխան արդեն մանկատանն է, շատ դժվար է պակասեցնել, և հեշտ է, երբ պրոցեսը  կարգավորվում է ներքևից, այսինքն տալիս ես այլընտրանքի հնարավորություն, որ ծնողը երեխային պահի: Երեխան պետք է ապրի ընտանիքում, իսկ նպատակն իրագործելու հստակ ճանապարհը այլընտրանքային ծառայությունների` խնամքի, սոցիալ-վերականգնողական և այլ կենտրոնների ստեղծումն է, որոնք դրա հնարավորությունը կտան:

– Ինչպե՞ս է կազմակերպվում մանկատան սաների կրթությունը:

– Մասնագիտացված մանկատներից բացի, մյուս մանկատան առողջ սաների կրթությունը կազմակերպվում է մանկատնից դուրս: Այսինքն` մանկատան երեխաները ոչնչով հետ չեն մնում սովորական հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից, որովհետև իրենք էլ են հաճախում նույն դպրոցները, իսկ ովքեր ուսումնարանում սովորելու կամ միջին մասնագիտություն ձեռք բերելու կարիք ունեն, մանկատան տնօրինությունն աջակցում է միանշանակ: Եվ շատ դեպքերում մանկատներից բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող երեխաներ են լինում: Այսինքն` մանկատներում շատ մեծ տեղ է հատկացվում կրթությանը, և ամենակարևորը` և մանկատներում և  գիշերօթիկ հաստատությունների երեխաների կրթությունը կազմակերպվում է դրսում` խնամքը և կրթությունը միանշանակ տարանջատված են: