Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

0
112

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի օրակարգին անցնելուց առաջ նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ այս տարի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է սոցիալական եռակողմ գործընկերության կողմերով:

«ՀՀ վարչապետի որոշմամբ այս տարի համաժողովին Հայաստանը կներկայանա երեք կողմերի՝  ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Համաժողովին կներկայացվի Հայաստանում աշխատանքի, զբաղվածության, սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու բարեփոխումները»,- ասել է նախարարը:

 Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ սոցիալական գործընկերների հետ միասին այդ համատեքստում կներկայացվի ծրագիր-առաջարկ, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամներին:

Այնուհետև, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արայիկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին զեկույցը: Զեկույցին հաջորդած քննարկման ընթացքում որոշվել է աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով առաջարկություն մշակել և ներկայացնել տեսչական բարեփոխումների խմբին:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես կարելի է հետագա բարեփոխումների ընթացքում օգտագործել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության վերաբերյալ առաջարկությունները: Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջարկը կքննարկի ՀՀ վարչապետի հետ և հնարավորության դեպքում, ևս մեկ քննարկում կկազմակերպվի ՀՀ կառավարությունում:

 Հանդիպման ավարտին, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո հանձնաժողովի կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումներն օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: