Այսօր Ամերիկյան համալասարանում կայացել է «Ներառական և դիմակայուն դպրոցներ. 21-րդ դարի դպրոցական շենքերը Հայաստանի երեխաների համար» թեմայով կլոր սեղան-քննարկում, որտեղ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով քննարկման կազմակերպումը՝ նախարարն ընդգծեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության տեսանկյունից քննարկման թեման խիստ արդիական է:
«Այն ամբողջությամբ համահունչ է ներկայումս կառավարության կողմից իրականացվող երեխաների սոցիալական պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ոլորտում վարվող քաղաքականությանը: Մենք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում մեր գործընկեր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ վեր ենք հանել որոշ խնդիրներ՝ կապված հատուկ կարիք ունեցող երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ հայտնվելու պատճառների հետ: Պատճառների մի մասն էլ առնչվում են մատչելի միջավայրի, ներառական կրթության դեռևս նոր արմատավորվող գործընթացներին»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Խոսելով ՀՀ կառավարության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այդ դրանք վճռորոշ փուլ են թևակոխել: «Մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ հատուկ կարիք ունեցող անձանց և երեխաների համար: Այսինքն՝ սոցիալական ապահովությունից պետք է անցնել ներառական քաղաքականության, հավասար հնարավորությունների քաղաքականության ապահովմանը և գործնականում դրանց իրացմանը»,-իր խոսքում շեշտեց նախարարը:
Մեկ անգամ ևս կարևորելով քննարկումը՝ նախարարը հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթեց:
Քննարկմանը ներկա էին Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, փոխնախարարներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը և ներգրավված շահառու կողմերին՝ քննարկելու այն անհրաժեշտ քայլերը, որոնք կնպաստեն երեխաների և կրթական ոլորտի աշխատակիցների սոցիալական ներառմանը, դպրոցների սեյսմիկ անվտանգությանը: