Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում` այն վերացնելու ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը` անդրադառնալով ՄԻՊ-ի արտահերթ զեկույցին: Նշենք, որ ըստ այդ զեկույցի` որոշ հաստատություններում արձանագրվել են ոչ ամբողջովին բարեկարգ պայմաններ, ժամկետանց ու օրենսդրությամբ արգելված սննդամթերքի առկայություն, ժամկետանց դեղորայք, սանիտարական նորմերի անտեսում և այլն: «Պետք է ստեղծես այնպիսի համակարգ, որ անհատը ցանկանա էլ, չկարողանա խախտել»,- ասաց նա: Սոնա Հարությունյանը նշեց, որ այդ հաստատություններում իրենք ևս բացահայտել են թերություններ, խնդիրներ, որոնց լուծման համար աշխատանքներ են իրականացվում:
-Խնդրում եմ անդրադառնաք Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին, որտեղ մատնանշվում են բազմաթիվ խախտումներ, որոնց մի մասն առնչվում է ձեր նախարարությանը: Ինչպե՞ս պատահեց, որ նման խնդիրներ առաջացան, որտե՞ղ են եղել բացթողումները:
-Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել և ձեռնարկում` այն վերացնելու ուղղությամբ: Մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում` ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արտահերթ զեկույցում ներառված ուսումնասիրությունների արդյունքները պարբերաբար ներկայացվել են նախարարությանը, որոնց վերաբերյալ կատարված քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում ձեռնարկված միջոցառումների և արդյունքների վերաբերյալ տրվել են համապատասխան պատասխաններ, որոնք, ի դեպ, գրեթե ամբողջությամբ ներառված են զեկույցում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես պատահեց, որ նման խնդիրներ առաջացան, սկսեմ սկզբից. խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները մեր նախարարությանն են փոխանցվել կրթության նախարարության համակարգից և բավականին վատ վիճակում` թե՛ պայմանների, թե՛ կազմակերպական առումով: Այս տարիներին լուրջ աշխատանքներ են կատարվել և՛ հաստատությունների պայմանների, և՛ երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների իրականացման, և՛ հաստատությունների վերապատրաստման ուղղությամբ: Իսկ որտեղ կատարվում է աշխատանք, այն էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ, անհնար է, որ չլինեն թերություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք այդ թերությունները և ուշադրություն չդարձնենք: Այդ տեսակետից մենք շատ բարձր ենք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի աշխատանքը և շատ լուրջ ենք վերաբերվում նրանց կողմից արված դիտողություններին, ամեն մի գրություն դարձնում ենք լուրջ քննարկման առարկա, առանձին դեպքերում անմիջապես հաստատություններում էլ իրականացվում են արտագնա խորհրդակցություններ և քննարկումներ: Եթե երեխան բարձրացնում է խնդիր, ապա դա պետք է ընդունել ի գիտություն և համապատասխան քայլեր ձեռնարկել:
-Բայց դրանք միայն թերություններ չեն, խոսքը գնում է երեխաներին ժամկետանց սնունդ, ժամկետանց դեղորայք տրամադրելուն, չե՞ք կարծում, որ այս ամենը շատ ավելի լուրջ է, քան պարզապես թերություններ ասելը:
– Դրանք, իհարկե, լուրջ խնդիրներ են, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ տրվել են հանձնարարականներ, մասնավորապես, ամենօրյա հսկողության տակ պահել բուժկետում բժշկական ծառայությունների տրամադրումը, դեղերի պահպանման ժամկետները, երեխաների սանիտարահիգիենիկ վիճակը, և, հատկապես, սննդի պահպանումն ապահովել համաձայն գործող իրավական ակտի: Պետք է հետևողական լինենք այդ ամենի վերաբերյալ: Մենք չափազանց կարևորում ենք նաև երեխաների խնամքի և դաստիարակության աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև առաջին անհրաժեշտության սանիտարահիգիենիկ պարագաներով ապահովումը, որը առանձին հաստատություններում, մեր ուսումնասիրությունների համաձայն բավականին ցածր է:
Ես խիստ կարևորում եմ հաստատությունների անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը, քանի որ վերլուծության արդյունքներով աշխատակիցները միջինը 44 տարվա աշխատանքային փորձ ունեն, հնարավոր է, որ նրանք շատ հին ու լավ աշխատողներ են, բայց կյանքը զարգանում է, երեխաների գիտակցությունը և պահանջները փոփոխվում են, և եթե նրանք վերապատրաստումներ չանցնեն, նոր հմտություններ և կարողություններ չունենան, երեխաների հետ ճիշտ երկխոսելու կուլտուրա չմշակեն, այս դեպքում նրանց աշխատանքը, նույնիսկ լավագույն ցանկության դեպքում, արդյունք չի տա:
-Սակայն նախարարությունը չէ՞, որ այդ ամենով պետք է զբաղվի:
– Ես նշեցի, որ նախարարությունը ոչ միայն զբաղվում է այդ խնդիրների լուծմամբ, այլ նաև պարբերաբար ձեռնարկում է կանխարգելիչ միջոցառումներ և իրավիճակի գնահատում: Խոսքս վերաբերվում է սոցիալական պաշտպանության ոլորտում մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրմանը: Դեռևս 2012 թվականին Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում մշակվել է մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը, իսկ հետագայում նախարարի հրամանով հաստատվել է մոնիթորինգի և գնահատման հայեցակարգը և իրականացման կարգը: Ըստ այդ մեթոդաբանության` մենք ուսումնասիրություններ ենք կատարել, որը հսկայական աշխատանք է:
Միաժամանակ, կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման 2014թ.-ի տարեկան ծրագրի շրջանակներում «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրի համար մշակել է համապատասխան գործիքներ (ծրագրի տեղեկանքը, անձնագիրը, ցուցանիշները) և իրականացվել է մշտադիտարկման գործընթաց` տեղեկատվության ստացում էլեկտրոնային եղանակով և շահառուների կարծիքի ուսումնասիրության միջոցով: Արդյունքում կազմվել է ամփոփ հաշվետվություն, որի ներկայացումը նախարարին և շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին կիրականացվի 06.04.2015թ.-ին: Նշեմ նաև, որ կարևորելով այս ոլորտում իրականացվող բարեփոխումները 2015թ. տարեկան ծրագրով նախատեսվել և ընթացքի մեջ են այս ոլորտի մնացած` 10 ծրագրերի մոնիթորինգի և գնահատման աշխատանքները: Ներկայացված եզրակացությունների, առաջարկությունների և քննարկման արդյունքների հիման վրա կտրվեն համապատասխան հանձնարարականներ: Մենք ևս այցելել և ականատես ենք եղել, որ երբեմն սննդի ժամկետը նշված չէ:
-Այսինքն մինչ ՄԻՊ-ի զեկույցը դուք ծանո՞թ էիք այդ խնդիրներին, ինքներդ բացահայտե՞լ էիք։
-Մասամբ՝ այո: Գիշերօթիկ խնամքի հաստատությունների մասով բոլոր 8 կառույցներում իրականացվել են ուսումնասիրություններ, մշակված 193 ցուցանիշներից 127 ցուցանիշների մասով ընտրանքային կարգով իրականացվել է շահառուների (երեխաների և նրանց ծնողների) կարծիքի ուսումնասիրություն, հաստատված մեթոդաբանությամբ իրականացվել է գնահատում և պատրաստվել է ամփոփ հաշվետվություն: Իսկ շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում (մանկատներում) ուսումնասիրություններն արդեն սկսվել են 2015թ.-ից:
-Իսկ այդ հաշվետվությունից հետո աշխատանքից ազատման դեպքեր լինելո՞ւ են:
– Ընդամենը փաստեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գրություններով բարձրացված թերացումների համար առանձին աշխատակիցների արդեն իսկ տրվել են նկատողություններ , եղել է նաև ազատման դեպք , երբ աշխատանքից ազատվել է այն աշխատակիցը, որ պատասխանատու էր սանիտարահիգիենիկ պարագաների տրամադրման համար:
-Իսկ նախարարության բացթողումը չե՞ք համարում, որ նման բաներ են կատարվել և պարբերաբար շարունակվել են:
-Եթե կարծում եք, թե պետք է ասեմ, որ հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կգնա և ոչ մի թերություն չի արձանագրի, ես առնվազն պետք է իրատես չլինեմ: Ես պրակտիկ մարդ եմ և գիտեմ, որ որտեղ կա աշխատանք, այնտեղ կան թերություններ, սակայն դրանք պետք է լինեն նվազագույնը: Միանգամից կախարդական փայտիկով չես կարող այնպես անել, որ ամեն ինչ լուծվի. ընդամենը պետք է լինել հետևողական, որ յուրաքանչյուրն իր պարտականությունները լիարժեք կատարի:
-Խոսքը նրա մասին է, որ այդ խնդիրները ոչ թե նվազագույնն են, այլ լրջագույնն են:
-Ես չեմ ցանկանում այդպիսի գնահատական տալ, թեև համաձայն եմ , որ երեխայի հետ կապված ցանկացած խնդիր կարևոր է և միանշանակ լուծում պետք է ստանա:
-Այն, որ այս խնդիրները պարբերաբար են կրկնվում և մինչ ՄԻՊ զեկույցը նախարարությունն էլ արձանագրել էր, արդյոք չի՞ նշանակում, որ ավելի կոշտ վերահսկողություն պետք է իրականացնել, վիրահատական միջամտության դիմել, որ գոնե մեծ խնդիրները հնարավորինս չկրկնվեն:
-Իմ կարծիքով` ուզում ես կոշտ մեթոդների դիմի, կամ այլ քայլեր իրականացրու, ամենակարևորը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելն ու համակարգային լուծումներ ունենալն է: Պետք է ստեղծես այնպիսի համակարգ, որ անհատը ցանկանա էլ, չկարողանա խախտել: Մենք նոր ենք ներդնում այս համակարգը, որը լինելու է շարունակական, սակայն պետք է ոչ թե վիրահատես, այլ պետք է կանխարգելես և բուժես:
-Այդ դեպքում, ինչո՞ւ ավելի վաղ այդ կանխարգելիչ աշխատանքները չեն տարվել, քանի որ նշում եք, որ խնդիրները վաղուց էին:
-Միջոցառումներ ձեռնարկվել են, բայց դրանք ձեռնարկվում են ֆինանսական ռեսուրսների, գործող օրենսդրության, տվյալ մասնագետների կարողության համապատասխան: Բնականաբար, կյանքը զարգանում է, նոր գործիքներ են ներդրվում և մեխանիզմները կատարելագործվում են: Հիմա մեղադրենք, թե ինչո՞ւ ես ժամանակին փոխնախարար չէի, կամ նախորդ նախարարն ինչո՞ւ այս ոլորտը չէր կարևորել, միգուցե մի քայլ էլ մենք պետք է այսօր ձեռնարկենք, որը չենք ձեռնարկել:
-Իսկ հնարավո՞ր է տնօրենների ազատում լինեն:
-Ինչու ոչ, իհարկե հնարավոր է: Մեր ամփոփ հաշվետվության մեջ գնահատումն իրականացվել է ըստ առանձին ցուցանիշների և ըստ առանձին հաստատությունների. արդյունքում նախարարն իմանալու է, թե որ տնօրենը պետք է շարունակի աշխատել, որը վերապատրաստման կարիք ունի, որը նկատողության: Դրա համար այս գործընթացը պետք է դառնա մշտական: Համակարգային լուծումներ են պետք: Ես կարծում եմ, որ մեր այս գործողություններից հետո մյուս տարի հնարավորինս, այդքան սուր, ավելի քիչ դեպքեր կլինեն, բայց ես այնպիսի միամիտ խոսք չեմ ասի, թե անհնար կլինեն: Կան խնդիրներ, կա ցանկություն, գիտակցում այդ խնդիրները լուծելու համար: Ամեն մեկս մեր լիազորություններն ենք իրականացնում, բայց բոլորիս նպատակը մեկն է: