Կարևորելով նախարարության համակարգում մոնիթորինգի և գնահատման գործուն համակարգի անհրաժեշտությունը` 2013թ. նախաձեռնվեց ներդնել բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների ծրագրերի արդյունավետության գնահատման և մոնիթորինգի համակարգ:
Կենսաթոշակային համակարգի շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքի վրա հիմնված մոնիտորինգի և գնահատման օբյեկտիվ, հեռանկարային ու համակարգաստեղծ մեթոդաբանությունը կատարելագործելու և փորձարկելու նպատակով էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ:
2014թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին նրանց կողմից ուսումնասիրվեց և մշակվեց «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի արդյունքի վրա հիմնված մոնիթորինգի և գնահատման լրամշակված մեթոդաբանությունը` ձևավորված միջազգային լավագույն փորձի և Հայաստանում գործող մոնիթորինգի և գնահատման համակարգի մեխանիզմների համադրմամբ:
Փետրվարի 2-ին նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային առաջին քննարկումը, որտեղ նոր, հստակ ու համակարգված ձևաչափով մասնակիցներին ներկայացվեց «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի մոնիթորինգի և գնահատման ամբողջ գործընթացը: Մասնավորապես, ծրագրի բովանդակային տեղեկանքն ու անձնագիրը. վերջինս իր մեջ ներառում էր ընթացիկ և հեռահար նպատակները, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները, ոլորտում վարվող քաղաքականության նպատակադրումներն, ինչպես նաև հավաքագրված ցուցանիշները, արդյունքների ամփոփման ու հաշվետվությունների ներկայացման ձևերը:
Բարձր գնահատելով և կարևորելով համակարգի կայացմանն ուղղված աշխատանքները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի կողմից մշակված նոր և համակարգված մեթոդաբանությունը, ինչպես նաև ամբողջական, բազմակողմ և համակարգված ցուցանիշների վերաբերյալ տվյալների ստացումը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի արդյունավետ ու օբյեկտիվ գնահատումն ապահովելու համար: Նոր մեթոդաբանությունը հիմնվելով բազմաթիվ ցուցանիշների համադրման և վերլուծության վրա` հնարավորություն կունենա գնահատել դիտարկվող ծրագրի արդյունքները, վերհանել բացթողումներն ու նպատակային արդյունքների նկատմամբ փաստացի կատարողականի տարբերությունները:
«Մեր նպատակն է մշակել մոնիթորինգի և գնահատման այնպիսի ամբողջական համակարգ, որը կխուսափի սուբյեկտիվ մոտեցումներից և կիրականացնի օբյեկտիվ գնահատում` վերհանելով մատուցվող ծառայությունների բացթողումներն ու թերությունները: Պետք է հստակ ձևակերպել յուրաքանչյուր ծրագրի նպատակները, խնդիրներն ու հարցադրումները, որոնց առաջադրված լուծումներն ինքնին կարևորագույն խթան կհանդիսանան քաղաքականություն մշակողների և իրականացնողների համար: Կարևորում եմ այս հեռանկարային գործընթացը և հորդորում լինել առավել պահանջկոտ ու հետևողական»,-իր խոսքում նշեց պարոն Ասատրյանը:
Նախորդ տարիներին իրականացված աշխատանքների, կատարված ուսումնասիրությունների և ստուգումների, ինչպես նաև հետագա քայլերի ու անելիքների վերաբերյալ հանդես եկավ նաև նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սոնա Հարությունյանը: Նա նշեց, որ նոր մեթոդաբանության կիրառումը զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների հասցեկանությունն ու արդյունավետությունը, կնպաստի քաղաքականության առաջնահերթությունների սահմանմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև հետադարձ կապի շնորհիվ հնարավորություն կտա գնահատել շահառուների գոհունակության աստիճանը:
Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից եղան բազմաթիվ դիտարկումներ և առաջարկություններ` սուբյեկտիվ գործոնները հնարավորինս նվազեցնելու, համակարգի ինստիտուցիոնալիզացման գործընթացն արագացնելու վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, նախարարության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: