Ներկայացվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սուպերվիզորների ինստիուտի ներդրման անհրաժեշտությունը

0
90

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հունիսի 27-ին «Ներդաշնակ հասարակություն» ՀԿ-ն ներկայացրել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սուպերվիզորների աշխատանքների բարելավման մեթոդաբանական աջակցության ծառայությունների իրականացում» առաջին միջանկյալ հաշվետվությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով ներկայացվող հաշվետվությունը՝ նշել է, որ նախարարությունը միշտ էլ ընդունելի է համարում համագործակցության շրջանակներում ոլորտում գործող կազմակերպությունների աշխատանքը, որոնք նպաստում են ոլորտում սոցիալական ծառայությունների արդյունավետության և մատչելիության բարձրացմանը:

«Սուպերվիզորների ինստիտուտի ներդրումը էական նշանակություն է ունենալու սոցիալական ոլորտի աշխատանքների կազմակերպման գործում: Եվ մեր խնդիրն է հստակեցնել սուպերվիզորների տեղը, դերը, գործառույթներն ու մասնագետների միջև փոխհարաբերությունները»,- նշել է նախարարը:

Այնուհետև, «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են ամբողջական հաշվետվությունը, մասնավորապես՝ սուպերվիզորական գործառույթներ ենթադրող աշխատանքների կազմակերպման կարիքը և իրականացման փաստացի վիճակը, անդրադարձել են սուպերվիզորական միջամտությունների երեք մակարդակներին` քաղաքականության մշակման, քաղաքականության իրականացման հանդեպ համակարգման և սոցիալական ծառայությունների անմիջական մատուցմանը և որակական արդյունքների վերլուծությանը:

Հաշվետվության ներկայացումից հետո բարձրացվել են հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին սուպերվիզորների գործունեությունը օրենքով ամրագրելու անհրաժեշտությանը, սուպերվիզորի կողմից կիրառվող գործիքներին, և հիմնականում՝ սուպերվիզոր եզրույթի հստակ սահմանմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը գնահատել է կատարված մեծածավալ աշխատանքը և առաջարկել հաշվետվության հաջորդ փուլում ներառել բարձրացված հարցերի պատասխանները:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ: