Պեկինում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հիմքերը

0
104

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից 21-ը  ՉԺՀ Մարդկային ռեսուրսների և սոցիալական պաշտպանության նախարարության հրավերով աշխատանքային այցով եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պեկին քաղաքում: Պաշտոնական այցն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO)  աջակցությամբ:

Հայաստանյան պատվիրակությունը Պեկինում հանդիպել է նախարարի տեղակալ պարոն Կոնգ Չանգշենգի, միջազգային համագործակցության, զբաղվածության աջակցության, և մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի, իրականացվող բարեփոխումների, մասնավորապես զբաղվածության բնագավառում վարվող քաղաքականության, իրականացվող ծրագրերի, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համակարգը և արձանագրած արդյունքները:

ՉԺՀ Մարդկային ռեսուրսների և սոցիալական պաշտպանության նախարարության Զբաղվածության աջակցության վարչության ղեկավար Վանգ Վենդուն ներկայացրել է Չինաստանում զբաղվածության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Երկրում զբաղվածության ոլորտը դիտարկվում է որպես գերակա ոլորտ, և խիստ կարևորվում է զբաղվածության քաղաքականությունը: Ոլորտային ցուցանիշները պլանավորվում են յուրաքանչյուր տարի: Հատկապես ուշադրության կենտրոնում են տնտեսության այն ճյուղերը, որտեղ հնարավոր է ստեղծել շատ աշխատատեղեր (ծառայությունների և հեռահաղորդակցության ոլորտներ): Երկրում մեծ ուշադրություն է դարձվում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, հատկապես խրախուսվում են նորարարության վրա հիմնված բիզնես գաղափարները:

Հանդիպման ընթացքում ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությունը:

Համագործակցության առաջարկ է եղել նաև Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահի կողմից. առաջիկայում Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ փորձի փոխանակման, փոխադարձ այցերի առումով: Այդ մասին կտեղեկացվի Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարությանը:

Համագործակցությունը ամրապնդելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պաշտոնական գրություն է նախապատրաստվում ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական պաշտպանության նախարարին, որտեղ կնախանշվեն հնարավոր փոխադարձ այցելությունների, հետագա համագործակցության շրջանակների և ոլորտային ուղղությունների մասին: