«Ավստրիական զարգացման համագործակցություն» հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից 2015թ. ապրիլի 8-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն` ինտեգրման բանալի» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը ողջունելով ներկաներին` նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծումը առաջին նախապայմանն է հասարակություն ինտեգրելու գործընթացում: «Անշուշտ կան խոչընդոտներ` միջավայրային, կարծրատիպային, կրթական, սակայն կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանն ունի այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ` ընդհանուր քաղաքականության փոփոխություն, նոր մոդելի սահմանում, հանրային վերաբերմունքի դրական աճ: Համոզված եմ, որ այս աշխատաժողովը ևս կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների տարբեր մոտեցումների վերհանմանն ու աջակցության նոր մոդելների և ձևերի մշակմանը»,-իր խոսքում ընդգծել է տիկին Բաղդասարյանը:
Քննարկման մասնակիցներին Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներն ու իրականացված աշխատանքներն մանրամասնորեն ներկայացրել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: 2014թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որտեղ սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ /քվոտա/ հաշմանդամություն ունեցող և անմրցունակ անձանց համար: Ըստ օրենքի` 2015թ. հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 3 տոկոսի չափով: 2016թ. հարյուր և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 1 տոկոսի չափով:
Պարոն Սիմոնյանը ներակայացրել է նաև 2014թ. ընթացքում իրականացված զբաղվածության աջակցության 11 պետական ծրագրերը և նրանցում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրությունը: Մասնավորապես` մասնագիտական ուսուցում, աշխատանքի տոնավաճառ, աշխատատեղերի հարմարեցում, աշխատավարձի մասնակի փոխհատուցում, գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում:
«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջինա Սարգիզովան էլ ներկայացրեց ստեղծված սոցիալական ձեռնարկությունների գործունեությունը: Նա հավաստեց, որ բազմաթիվ վերապատրաստումների և դասընթացների միջոցով ծրագրում ընդգրկված անձինք զարգացրել են իրենց աշխատանքային հմտություններն ու կարողությունները, բարձրացրել ինքնագնահատականը, ձեռքբերել նոր մասնագիտություններ` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Երևան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ստեղծված բազմաթիվ սոցիալական ձեռնարկություններում աշխատում են շուրջ 417 անձ:
Հրավիրված երկրների մասնագետներն ևս հանդես են եկել համապատասխան զեկույցներով և տեղեկատվությամբ, ներկայացրել են իրենց երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման գործընթացները, սոցիալական ապահովության համակարգը, մատուցվող սոցիալական ծառայությունները:
Հայաստանի, Ավստրիայի, Սլովենիայի և Վրաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ներկայացուցիչների հանդիպման գլխավոր նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների, մասնավորապես զբաղվածության ոլորտի ձեռքբերումների, կատարած աշխատանքների և անելիքների քննարկումն էր: