Զբաղվածության ոլորտը՝ նոր քաղաքականությամբ Իրականացվող ծրագրերը կնպաստեն գործազրկության նվազեցմանը

0
134

ՀՀ զբաղվածության ոլորտում, ՀՀ կառավարության ծրագրով 2014-2017 թվականներին նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր, աշխատաշուկան համալրել որակավորված կադրերով, իսկ ոլորտում տարվող քաղաքականությունը դարձնել առավել ճկուն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը  լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ զբաղվածության ոլորտում տարվող նոր քաղաքականությանը, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի զբաղվածության խնդիրների կարգավորման պետական ծրագրերին։
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015թ. մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 76.4 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 19 տոկոսով։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.2 տոկոսը կամ 69, 7 հազարը։ Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71, 0 տոկոսը։ Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24 տոկոսը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը՝ 3, 1 տոկոսը։

Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24 տոկոսը, 30-44 տարեկանները՝ 39 տոկոսը, 45-54 տարեկանները՝ 21.5%–ը, 55-ից բարձր տարիքի անձինք՝ 15.5%–ը։
Գործազուրկների թվաքանակում 14 տոկոս կազմում են նաև բարձրագույն կրթություն ունեցողներ, իսկ թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների ցուցանիշը փոքր ինչ բարձր է՝ 19,8 տոկոս։ Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բույժքույրերը, ֆինանսիստները, տնտեսագետները և այլք։

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է 58,3 հազար կամ 83, 6 տոկոսը։
Այս տարվա հունվար, փետրվար ամիսներին աշխատանքի են տեղավորվել 1399 գործազուրկներ, որոնցից 914-ը՝ կին, 1168–ը եղել են աշխատաշուկայի համար ոչ մրցունակ կադրեր։ Միայն փետրվար ամսին զբաղվածության գործակալություն է ներկայացվել 2079 թափուր աշխատատեղ։ Աշխատաշուկայում այսօր կան բավական պահանջարկված մասնագիտություններ, որոնցից են, օրինակ՝ բժիշկները, որոնց պահանջարկը առավելապես մեծ է մարզերում, տնտեսագետները, ծրագրավորողները, հաշվապահները, դասավանդողները և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները՝ բուժքույրեր, վաճառողներ, վարսահարդարներ, կռունկավարներ, փականագործներ, համակարգչային օպերատորներ և այլն։

Փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ աշխատաշուկայում տարվող քաղաքականությունը, ցավոք, վերջին 7-8 տարիներին էապես շեղվել է բնականոն հունից, որի պատճառներից մեկն էլ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր։ «Սոցիալական վիճակը պատճառ դարձավ, որ աշխատատեղեր կրճատվեն, գործազրկության ցուցանիշներն աճեն։ Բոլոր խնդիրները դիտարկված են և արտացոլված ծրագրերում։ Իսկ հեռանկարային զարգացման ծրագրում արդեն նախատեսվում է մինչև 2025թ. ստեղծել ավելի քան 100 հազար աշխատատեղ»,–նշեց Արա Պետրոսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2014թ. հունվարի 1-ից գործում է զբաղվածության մասին նոր օրենքը։ Եթե նախկինում պետական բյուջեով աշխատաշուկայի ծրագրերին ուղղված միջոցների մինչև 87 տոկոսը ուղղվում էր գործազրկության նպաստների վճարմանը, ապա այդ ինստիտուտն ամբողջովին հանվեց՝ փոխարինվելով գործատուի այցելության ծախսերի փոխհատուցման նոր ծրագրով։ Այս պարագայում ամբողջ բյուջեն արդեն ուղղվում է հատուկ ծրագրերի իրականացմանը։

Զբաղվածության ոլորտի կարգավորմանը հատկացված ընդհանուր բյուջեն այսօր կազմում է 2 մլրդ 370 միլիոն դրամ, որը պետք է ուղղված լինի 13 ծրագրերի իրականացմանը։ Առաջնային նպատակն է ապահովել այսօրվա գործազուրկի կայուն զբաղվածությունը, ինչը նշանակում է, որ մարդը պետք է աշխատանքի անցնի առնվազն մեկ տարով։ 2014թ. առաջին կիսամյակային տվյալներով գործազրկությունը կազմել է 17, 8 տոկոս, իսկ 3 եռամսյակային տվյալներով՝ 17, 1 տոկոս։ «Այդ նվազման տեմպերը դեռ մեզ չեն գոհացնում, մենք խնդիր ունենք նաև առաջարկ պահանջարկի համապատասխանելիության, կրթություն–աշխատաշուկայի համագործակցության տեսանկյունից»։

Արա Պետրոսյանը նշեց, որ ներկայումս գյուղատնտեսական նշանակության հողերի բոլոր սեփականատերերը և հաշմանդամները կարող են գրանցվել որպես գործազուրկներ և օգտվել բոլոր 13 ծրագրերից։
Նոր ծրագրերից մեկի համաձայն՝ պետությունը գյուղացուն գումար է տալիս, որպեսզի նա կամ իր ընտանիքի անդամները զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով, ներգրավեն նաև աշխատողներ։ Ի դեպ նախարարությունը փոխհատուցում է նաև ներգրավված աշխատուժի աշխատավարձի 50 տոկոսը։
Անցյալ տարի իրականացվել է 1800 նման ծրագիր, իսկ այս տարի պլանավորված է իրականացնել մոտավորապես 3200 սեզոնային ծրագիր։ Յուրաքանչյուր ծրագրի առավելագույն արժեքը կազմել է 350 հազար դրամ։
Բոլոր մշակաբույսերի առումով գյուղատնտեսության նախարարությունը մշակել է չափորոշիչներ, թե, օրինակ, մեկ հա մշակության համար ի՞նչ աշխատանքներ են անհրաժեշտ։ Յուրաքանչյուր գործընթաց ունի իր նորմատիվները։
2015թ. մարտի 15-ի դրությամբ իրականացվել են ծրագրեր, որոնք վերաբերում են գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպմանը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության և սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրմանը և այլն։

Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետություն