Համագործակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Այ Բի էմ» ընկերության միջև

0
99

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ընդունեց  «Այ Բի Էմ Եվրոպա և Ասիա» ընկերության գլխավոր մենեջեր Կիրիլ Կորնիլևին:

Բարձր գնահատելով  «Այ Բի Էմ» ընկերության փորձը սոցիալական պաշտպանության ոլորտում՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշեց. «Մենք մտադիր ենք անցնել գլոբալ գործընթացների և այդ ուղղությամբ հստակ քայլեր ենք ձեռնարկում: Վերջին 3 տարիների ընթացքում կենսաթոշակային ոլորտում լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել, ներդրել ենք ինքնաշխատ  համակարգ: Այսօր արդեն վստահ ենք, որ Ձեզ հետ միասին  կարող ենք ունենալ  առավել շոշափելի հաջողություններ՝ օգտագործելով ընկերության առաջավոր մասնագետների փորձը»:

Ընկերության գլխավոր մենեջեր Կիրիլ Կորնիլևը  ողջունեց ոլորտում իրականացվող բարեփոխումները և տեղեկատվական նորարար տեխնոլգիաների ներդրումը համակարգում՝ մասնավորապես նշելով, որ  իրենց առաջին քայլը պետք է լինի հայ մասնագետների վերապատրաստումը, որը կիրականացնեն ԱՄՆ-ից հրավիրված  հատուկ մասնագետները:

Համագործակցության շրջանակներում ակնկալվում է ստեղծել Գերազանցության կենտրոն, որը կապահովի տեղեկատվական և կազմակերպական աջակցության հնարավորություն, իսկ հետագա աշխատանքների արդյունավետ իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Այ Բի Էմ» ընկերությունը  կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: