Գլոբալ ձեռքբերումները սկսվում են ազգային մակարդակում. Արտեմ Ասատրյանի ելույթը՝ Աշխատանքի միջազգային համաժողովում

0
111

«Աշխատանքի միջազգային համաժողովն իր ուրույն դերն ունի Աշխատանքի միջազգային կազմակերպության գաղափարախոսությանն ու սկզբունքներին աջակցելու և դրանք ամրապնդելու գործում: Այն  կարևոր հարթակ է ապահովում փոփոխվող աշխարհում ահագնացող մարտահրավերները բացահայտելու և դրանց անդրադարձ կատարելու հարցում:

Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում ԱՄԿ գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերին, ընդգրկուն և նպատակային զեկույցների համար:

Կցանկանայի նաև ընդգծել ԱՄԿ-ի և եռակողմ գործընկերների դերը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 2030 օրակարգի արդյունավետ իրականացման հարցում՝ մասնավորապես ուղղված ներառական տնտեսական աճի խթանմանը, կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովմանը:

Վերոնշյալ կարևոր պայմանների ապահովումը և բոլոր գործընկերների ջանքերի  համատեղումը՝ աղքատությանը վերջ դնելու և ներառական հասարակություններ կառուցելու լավագույն միջոցն են:

Գլոբալ ձեռքբերումները սկսվում են ազգային մակարդակում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ է միջազգային չափանիշներին համահունչ բարեփոխումներ իրականացնելուն՝ սոցիալական պաշտպանություն և հավասարություն, կայուն զբաղվածություն և բոլորի համար արժանապատիվ աշխատանք ապահովելու համար:

Վերջին տարիներին բազմակողմանի բարեփոխումներ են իրականացվել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտներում:

Հայաստանի 2014-2025թթ. զարգացման ռազմավարությունը երկրի հեռանկարային զարգացման համար  որպես առաջնահերթություն սահմանում է զբաղվածության աճը, աղքատության վերացումը, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործումը:

ԱՄԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում 2015 թ. Աշխատանքային օրենսգրքում էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք միտում ունեն աշխատանքի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ԱՄԿ կոնվենցիաներին և այլ միջազգային չափանիշներին:

Վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել  նաև սոցիալական գործընկերության ազգային մակարդակում:

Համաձայն ՀՀ  2013-2018 թթ. Զբաղվածության ռազմավարության՝ ընթացքի մեջ են գտնվում նաև զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

2014թ. ուժի մեջ է մտել զբաղվածության մասին ՀՀ օրենքը, որի միջոցով ներդրվել է ակտիվ զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելը, որի նպատակն է կայուն զբաղվածություն ապահովել հատկապես խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, ովքեր դժվարություններ ունեն աշխատաշուկայում ընդգրկվելու տեսանկյունից, հատկապես՝ հաշմանդամություն ունեցողները, կանայք, երիտասարդները, փախստականները, վերադարձող միգրանտները, սոցիալապես անապահով ընտանիքների անդամները:

Զբաղվածության նոր մոդելի համաձայն զբաղվածության պետական կարգավորման 14 ակտիվ ծրագրեր են  ներդրվել:

Սոցիալական ծառայությունների որակի և հասանելիության բարելավումը, պետական և ոչ պետական դերակատարների ջանքերի համատեղումը կարևոր բաղադրիչներ են ներառական հասարակություն ձևավորելու և աղքատությանը վերջ դնելու համար:

Ուրախությամբ պետք է  նշեմ, որ ԱՄԿ-ն ակտիվորեն ներգրավված է եղել և աջակցել նշված բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հայաստանի կառավարության և սոցիալական գործընկերների անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում շարունակական համագործակցության և աջակցության համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ողջունել և կարևորել ԱՄԿ «Աշխատանքի ապագան» խորագրով նախաձեռնությունը:

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել  միանալու նախաձեռնությանը և ակտիվորեն համագործակցել այդ շրջանակներում:

Լիահույս եմ, որ հետևողական աշխատանքը և ԱՄԿ բոլոր գործընկերների ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան դիմակայել ներկայիս մարտահրավերներին, ապահովել սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և բարգավաճող հասարակություն:

Շնորհակալություն»: