Ես ցանկանում եմ, որպեսզի այս տրամադրությունը մեր ընտանիքներում լինի տարվա 365 օրը. Ա. Ասատրյան

0
129

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 1-ին մասնակցել է  Երեխաների  պաշտպանության միջազգային օրվա առիթով Սիրահարների այգում կազմակերպված «Երեխաների ձայնը»  միջոցառմանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը շրջել է տաղավարներով,  ծանոթացել  երեխաների իրավունքների ինքնատիպ ներկայացումներին, նոր ձեռնարկներին,   շփվել  տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք, իրենց հերթին նախարարին են ներկայացրել ոլորտում  իրենց  գործունեությունը: Կարևորելով յուրաքանչյուրի աշխատանքը  երեխաների պաշտպանության ոլորտում՝ նախարարը բոլորին հաջողություններ է մաղթել ծրագրերի իրականացման գործում:

Իսկ  սիրիահայերի տաղավարի  մոտ նախարարը միջոցառման մյուս հյուրերի հետ միասին  համտեսել է  արևելյան քաղցրավենիքներ, ծանոթացել նրանց ձեռքի աշխատանքներին:

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված իր ելույթում  նախարարը կարևորել է  տոնը ընտանեկան միջավայրում  նշելու  ավանդույթը և  ընդգծել յուրաքանչյուր ծնողի՝   երեխային ուղղված  լավ ապագա ունենալու ցանկությունը:

«Այսօրվա խորհուրդն ու առիթը, այս գեղեցիկ միջոցառման կազմակերպումը գալիս է փաստելու,  որ դա ոչ միայն պետական մարմինների,  կառավարության խնդիրն է, այլև ողջ հասարակության: Քաղաքացիական այս ակտիվությունը երեխաների ոլորտում  իսկապես օրինակելի համագործակցություն եմ համարում: Մենք  բոլորս մեր  ներուժը ներդնում ենք և պետք է  շարունակենք ներդնել, որպեսզի մեր երեխաները ունենան լավ ապագա, լինեն մեր երկրի լավ քաղաքացիներ, շենացնեն մեր երկիրը  շարունակեն իրենց ծնողների  գործը:   

Ես ցանկանում եմ որպեսզի այս տրամադրությունը լինի մեր ընտանիքներում տարվա 365 օրը»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:     

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը,  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ  Քրիստոֆ Բիերվիրթը, ովքեր նույնպես իրենց բարեմաղթանքներով շնորհավորել են  երեխաներին և նրանց ընտանիքներին:

Միջոցառումը կազմակերպել էր «Սեյվ դը Չիլդրեն»  հասարակական կազմակերպությունը  իր գործընկների հետ միասին: