Փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին

0
91

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը մայիսի 14-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հանրապետությունում գործող երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը, որդեգրման գործընթացը, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործունեությունը, ոլորտում իրականացվող բարեփոխումները: Պարոն Բերիկյանի հավաստմամբ՝ կատարված բոլոր աշխատանքների, ծրագրերի ու բարեփոխումների հիմքում երեխայի լավագույն շահն է և նրա՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը:

Հյուրերին հետաքրքրող հարցերը հիմնականում վերաբերում էին դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրվող աջակցության, խնամքի կազմակերպման ձևերին, որդեգրման գործընթացին, հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման և սոցիալական երաշխիքների տրամադրմանը:

Տիկին Բուքիքյոն շնորհակալություն է հայտնել օգտակար ու համապարփակ տեղեկատվության համար և հաջողություն մաղթել կարևորագույն ոլորտում իրականացվող ծրագրերին: Նախատեսվում է նաև այցելություններ Վանաձոր և Գյումրի քաղաքներում գործող երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող հաստատություններ՝ տեղում ծանոթանալու մատուցվող ծառայություններին և կազմակերպման ձևերին:

Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների, մարզային բաժինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: