Դեկտեմբերի 22-ին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Երևանի Նոր Նորքի տարեցների խնամքի ցերեկային կենտրոնի շենքում տեղի ունեցավ բնակչության ծերացման հիմնախնդիրների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը նախագահում էր միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ` նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովների անդամները ներկայացրեցին իրենց գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից 2015 թվականի ընթացքում «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի» իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Տեղեկատվություն ներկայացրեցին ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
«Միջգերատեսչական համագործակցության մասին» թեմայով ելույթ ունեցավ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Նիստին հրավիրված` «Հայկական Կարիտաս» ԲԿ-ի «տարեցների խնամք» ծրագրի պատասխանատու Ֆ.Սարգսյանը ներկայացրեց տարեցների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի ստեղծման վերաբերյալ իր կազմակերպության առաջարկությունը և նիստի մասնակիցներին տրամադրեց ստորագրվելիք հուշագրի նախագիծը:
Նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Ա.Մխիթարյանը ներկայացրեց Ազգային ինստիտուտի կողմից մշակված «Տարեցների կարիքների ու վճարունակության աստիճանի գնահատման չափորոշիչների սահմանում և դրա հիման վրա տարեցների կարիքներին համապատասխան սոցիալական փաթեթի սահմանում, այդ թվում` տարեց անձանց պետության կողմից երաշխավորված նվազագույն սոցիալական ծառայությունների տեսակների ցանկերի վերաբերյալ մեթոդական ձեռնարկի» նախագծը:
Այնուհետև, նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Ա.Գևորգյանը ներկայացրեց քննարկման առարկա հանդիսացող գործողությունների ծրագրով 2016 թվականին նախատեսվող միջոցառումները:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ջեմմա Բաղդասարյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, արձանագրեց, որ հանձնաժողովը 2015 թվականին բավականաչափ արդյունավետ է աշխատել և հույս հայտնեց, որ 2016 թվականը կլինի ավելի բեղմնավոր, միաժամանակ հանձնարարվեց, նիստի ժամանակ ներկայացված բոլոր նյութերը ուղարկել հանձնաժողովի անդամներին` տարբեր գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքներին իրազեկ լինելու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու նպատակով: