Դեկտեմբերի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, որը վերաբերում էր Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների (2015-2018թթ.) ծրագրի նախագծի քննարկմանն ու հաստատմանը:
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է ծրագրի նախագիծը, որը մշակվել է սոցիալական գործընկերների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Ծրագրի նախագծում նախանշված են այն հիմնական ուղղություններն ու միջոցառումները, որոնց շրջանակներում իրականացվելու է եռակողմ համագործակցությունը:
Ներկայացման ընթացքում հնչել են առաջարկություններ Ծրագրի նախագծի կետերի և միջոցառումների իրականացման ժամկետների հստակեցման վերաբերյալ: Քննարկումների արդյունքում նախագծից հանվել են այն կետերը, որոնց շուրջ եռակողմ համաձայնություն ձեռք չի բերվել:
Նիստի ընթացքում կարևորվել է սոցիալական գործընկերության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը պետական կառույցներում և Տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչի անհրաժեշտությունն ընդգծել է նաև նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ պետք հստակեցվի իրազեկման աշխատանքների իրականացման ձևաչափը: Մարզերում առավել լայնածավալ իրազեկվածություն ապահովելու նպատակով առաջարկվել է կազմակերպել տոնավաճառներ, որտեղ կներկայացվի սոցիալական գործընկերության նպատակն ու իրականացվող աշխատանքները:
Քննարկվել են նաև աշխատուժի միգրացիային առչվող խնդիրները, գերատեսչությունների՝ խնդրի նկատմամբ ունեցած մոտեցումները: Այս համատեքստում նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օտարերկրացիների աշխատանքի կարգավորումներ տրվել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2015 թվականի ընդունված ՀՀ օրենքում: «Այս առնչությամբ մշակվել և ներկայումս շրջանառության է դրվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է օտարերկրացիների աշխատանքի առնչվող հարցերի ամբողջական կարգավորում»,-ընգծել է նախարարը:
Նիստի քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է քննարկված և համաձայնվեցված առաջարկություններին համապատասխան հաստատել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրակումն ապահովող գործողությունների ծրագրի նախագիծը, մարզերում աշխատանքի տոնավաճառների կազմակերպման ժամանակ անդրադառնալ նաև սոցիալական գործընկերության մասին իրազեկման հարցերին և Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրակումն ապահովող գործողությունների ծրագիրը ՀՀ կառավարության աշխատակազմ՝ պետական կառավարման մարմիններին ի գիտություն ուղարկելու համար: