Նախարար Արտեմ Ասատրյանն այցելել է Վետերանների միավորում և շնորհավորել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ

0
114

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ վետերաններին շնորհավորելու նպատակով այսօր այցելեց ՀՀ վետերանների միավորում:

Նախարարը մտերմիկ մթնոլորտում շփվեց վետերանների հետ, շնորհավորեց 70-ամյակի կապակացությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երկարակեցություն և խաղաղություն:  «Դուք՝ ձեր միլիոնավոր ծառայակից ընկերների հետ, ռազմի դաշտում ապացուցեցիք ձեր խիզախությունն ու հայրենասիրությունը: Դուք ոչ միայն 70 տարի առաջ ձեռքբերած հաղթանակով խաղաղություն պարգևեցիք հետագա սերունդներին, այլև Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացմամբ ու ռազմական գործի Ձեր փորձով օրինակ դարձաք մեր ժողովրդի հաջորդ սերունդների համար, ովքեր արդեն անկախության շրջանում կռեցին մեկ այլ հաղթանակ՝ մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը դարձնելով հայ ժողովրդի գոյամարտի սխրանք-խորհրդանիշ»,-իր խոսքում նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:

Վետերանները ջերմ զրույցի ընթացքում նախարարի հետ կիսվեցին իրենց սոցիալական խնդիրներով, մտահոգող հարցերով, երախտիքի խոսքեր հայտնեցին նախարարին՝ նկատելով, որ Արտեմ Ասատրյանը երկրորդ նախարարն է, ով երբևէ այցելել է վետերանների միավորում և հետևողական է եղել իրենց խնդիրներին:

Իր հերթին նախարարը երախտագիտություն հայտնեց ջերմ խոսքերի համար և վստահեցրեց, որ նրանց սոցիալական խնդիրները գտնվում են կառավարության մշտական ուշադրության ներքո: «Մայիսի 1-ից արդեն մեր վետերանները կրկնակի չափով կստանան պատվովճարներ: Բացի այդ, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս շուրջ 50 վետերանների տրվել է առողջարանային ուղեգրեր: Ունենք նաև խնամքի և սպասարկման սոցիալական ծառայություններ, առողջապահության ոլորտում են ծրագրեր իրականացվում, որոնք լինելու են շարունակական»,- տեղեկացրեց նախարարը:

«Հատուկ հրաման եմ արձակելու, որ բոլոր ներկա վետերանները մինչև  հաղթանակի 75-ամյակը ողջ-առողջ լինեն ու ոչ մեկի գլխից մազ չպակասի»,- վերջում կատակեց միավորման նախագահ Սիմոն Եսայանը:

Վետերանների հետ հանդիպումը զարդարել էր նաև 70-ամյակին նվիրված խորհրդանշական  տոնական տորթը, որը նախարարը պատիվ ունեցավ  կիսելու 95-ամյա Ռոզալիա Լալայանի հետ:

Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը վետերանների միավորմանը նվիրեց շախմատի և նարդու զարդանախշ խաղատախտակ, ինչի առիթով վետերանները նախարարին հրավիրեցին նարդու մենամարտի: Արտեմ Ասատրյանը մրցեց 92-ամյա տիկին Անիկի հետ:

Հաղթանակի օրվան նվիրված շրջայցի հաջորդ կանգառը Նորքի տուն-ինտերնատն էր, որտեղ հավաքվել էին նախարարության ենթակայության տակ գտնվող տուն-ինտերնատներում բնակվող վետերանները:

Նախարարը ջերմ շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և խաղաղություն:

Տուն-ինտերանտի վետերաններին նվերներով  շնորհավորելու էին եկել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ-ի ներկայացուցիչները, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը և ներկայացուցիչներ՝ քաղաքապետարանից: