Նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

0
92

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 12-ին մասնակցել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացվող «24 շաբաթ» ֆիլմի ցուցադրությանը: 2016թ. ՀՀ կառավարության կողմից հռչակվել է հավասար հնարավությունների տարի և ֆիլմը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ խոսել և անդրադառնալ հավասար հնարավորությունների խնդրին: Մինչ ֆիլմի ցուցադրությունը, նախարար Արտեմ Ասատրյանը հանդես է եկել բացման խոսքով:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:

Արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարևոր մշակութային իրադարձության կենտրոն, որի համար մենք շատ հպարտ ենք: «Ոսկե ծիրանը» յուրօրինակ է իր նշանակությամբ, յուրօրինակ է մշակութային-հոգևոր առումով, յուրօրինակ է իր ազդեցիկ ուժով, իր արվեստով նաև որպես սոցիալական խնդիրներ քննարկելու արդյունավետ ճանապարհ:

Մենք, որպես սոցիալական ներառման ճանապարհ ընտրած երկիր, փորձում ենք մեր քարոզչական, սոցիալական, մշակութային, հոգևոր միջոցառումները նվիրել հաշմանդամներին այս կամ այն չափով վերաբերող խնդիրներին: Հեռուստատեսության, ֆիլմերի միջոցով հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց անձնական պատմությունների օրինակներով և ազդեցիկ նախադասություններով կարելի է փոխել վերաբերմունքը, կարելի է հասնել այն բանին, որ հաշմանդամություն ունեցող անձի մոտ մարդիկ տեսնեն անձի պահպանված կարողությունները, այլ ոչ թե անկարողությունը:

2016 թվականը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է Հավասար հնարավորությունների տարի: Ակտիվորեն օգտագործելով բոլոր պետական և ոչ պետական մարմինների ներուժը, յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը, հիմնվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի և Կայուն զարգացման նպատակների վրա մենք պետք է ստեղծենք պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար պայմանների ապահովման, նրանց կարիքներին համարժեք ծառայությունների ստեղծման և հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներին աջակցող ծրագրերի իրագործման համար:  Այդ իսկ պատճառով,  փառատոնի շրջանակներում ես մեծապես կարևորում եմ «24 շաբաթ» ֆիլմի ցուցադրությունը, որն անդրադառնում է հավասար հնարավորությունների խնդրին:

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը և  պրեմիերայի մասնակիցներին և հյուրերին մաղթում եմ անմոռանալի տպավորություններ»: