ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր հանդիպեց Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցների հետ:
Հանդիպման նպատակը սոցիալական ոլորտում ակադեմիայի գիտաշխատողներին հուզող հարցերի քննարկումն էր: Նրանց մասնավորապես հետաքրքրում էր համակարգի գիտնականների աշխատավարձի բարձրացումը, կառավարությունից գիտական թեկնածուներին և դոկտորներին տրվող հավելավճարը կենսաթոշակին ավելացնելու հարցը:
«Կան կուտակված հարցեր, որոնց վերաբերյալ առաջին հերթին անհրաժեշտ են պարզաբանումներ ներկայացնել, ապահովել պետական քաղաքականության իրավունքների իրազեկվածությունը: Բացի այդ կկարողանանք լսել ձեր առաջարկությունները և բարձրացված հարցերին տալ իրատեսական լուծումներ»,-իր խոսքում ընդգծեց նախարարը:
Գիտնականները նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորեցին նաև իրենց ամենամյա երկարատև արձակուրդի իրավունքի իրացման խնդիրը: Նրանք փաստեցին, որ գիտական գործունեությունը մտավոր, հուզական և որոշակի ռիսկերի հետ կապված աշխատանք է, հետևաբար պահանջում են անպայման օգտվել ամենամյա երկարատև արձակուրդի իրավունքից:
Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, խնդիրը մեկ անգամ ևս քննարկելու անհրաժեշտություն ունի, և հարցադրումները, որոնք բարձրացվում են գիտական հանրության ներկայացուցիչների կողմից, անպայման հաշվի կառնվեն. «Շահագրգիռ պետական մարմինների և Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում կկզամակերպվի քննարկում և համատեղ ձևավորված դիրքորոշման հիման վրա կտրվի խնդրի լուծման հետագա ընթացքը»,-նշեց նախարարը:
Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը ԳԱԱ անդամներին սոցիալական ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ առավել ընդգրկուն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկեց նման հանդիպումները դարձնել շարունակական: