ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եռօրյա այցով մեկնել է Ռումինիա

0
110

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օգոստոսի  24-ին Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարի հրավերով եռօրյա այցով մեկնել է Ռումինիա:

Այցի ընթացքում նախարարը կծանոթանա Ռումինիայի սոցիալական պաշպանության ոլորտին, մասնավորապես՝ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, համայնքային զարգացման ծառայություններին, կքննարկվեն նաև երկու երկրների միջև հետագա համագործակցության ուղիները և փորձի փոխանակման շրջանակները:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարության պետական քարտուղարի, երեխաների իրավունքների և որդեգրման ազգային մարմնի նախագահի հետ, հանդիպումներ կլինեն նաև քաղաքացիական հասարակության և համայնքների ներկայացուցիչների հետ:

Նախարար Արտեմ Ասատրյանի  հետ Ռումինիայում են գտնվում նաև ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: