ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն ամփոփել է 2016թ. առաջին կիսամյակը

0
110

2016թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 202.839 (այդ թվում կանայք` 98.458) հաշմանդամություն ունեցող անձ` ընդհանուր բնակչության 6,7%, որոնցից 8016` 4,0% (այդ թվում աղջիկ՝ 2514) հաշմանդամ երեխա` երեխաների ընդհանուր թվի 1,1%: Ընդհանուր թվից 141.108 անձանց հաշմանդամությունը սահմանված է անժամկետ:

Ընդհանուր թիվն ըստ խմբերի ունի հետևյալ պատկերը՝ I խումբ՝ 10.227 (5,0%), II՝ 79.164 (39,0%), III՝ 105.432 (52,0%), հաշմանդամ երեխա` 8016 (4,0%):
Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների կազմում են` արյան շրջանառության հիվանդությունները 31,6%, հոգեկան հիվանդություններ 10,8%, նորագոյացություններ 8,1%, նյարդային համակարգի հիվանդություններ 7,9%,  էնդոկրին հիվանդություններ 7,3%: Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքը՝ արյան շրջանառության հիվանդությունները` 38,6%, նորագոյացություններ` 18,9%, հոգեկան հիվանդություններ` 6,0%, էնդոկրին հիվանդություններ` 4,9%, նյարդային համակարգի հիվանդություններ՝ 3,9%, վարակային հիվանդություններ/տուբերկուլյոզ/` 2,2%:

2016թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր փորձաքննվածների թիվը  կազմել է 36.556 անձ, առաջին անգամ փորձաքննվել է 8980 անձ, վերափորձաքննվել է 27.479 հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամություն է սահմանվել  34.756 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել առաջին անգամ փորձաքննվածներից 942-ը, իսկ վերափորձաքննվածներից 897-ը։

Դրական միտումներ

 ՀՀ կառավարության 2016թ մարտի 17-ի որոշման համաձայն, այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրվել են, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել և ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կարիք, տրված ՎԱԾ-ի շրջանակներում այժմ օգտվում են պետական պատվերից։Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնումը կազմել է 1633՝ ընդհանուր թվի 6,2%, որից մասնակի վերականգնումը՝ 2,9% (սահմանվել է ավելի ցածր հաշմանդամության խումբ` 2-րդից 3-րդ, 1-ինից 2-րդ, 1-ինից 3-րդ), իսկ  լրիվ վերականգնումը՝ 3.3% (հաշմանդամություն չի սահմանվել): Հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմում է 2,8% (3-րդից 2-րդ, 2-րդից 1-ին, 3-րդից 1-ին)։ Սա բուժակական և վերականգնողական միջոցառումների արդյունքն է։

ԲՍՓ գործակալության կազմում գործող վերականգնողաբանների կողմից մշակվել են մի շարք նախագծեր և մեթոդական ուղեցույցեր՝ ուղղված վերականգնողական ծրագրերի զարգացմանը։ Իրականացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման աշխատանքներ՝ ընդ որում հարմարեցման ծախսերը հոգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Առաջին կիսամյակում հաշմանդամ ճանաչված անձանց տրամադրվել է թվով 34.756 վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, բժշկական ծրագրով նախատեսված վերականգնողական տեխնիկական միջոցներ և պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ ստացել է 1618 անձ/: ՎԱԾ-ը ներառում է սոցիալական, բժշկական և մասնագիտական ոլորտները։ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշման համաձայն փորձաքննություն անցնող անձինք իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին կարող են որպես ներկայացուցիչ ներգրավել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին:

Այս որոշման, ՀՀ ԱՍՀՆ և ԱՆ համատեղ հրամանի իրականացման արդյունքում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների 1069 նիստին 2016թ. առաջին կիսամյակում խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցել է 108 մասնագետ բժշկական կազմակերպություններից: Հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 7 անդամներ մասնակցել են 3 բժշկասոցիալական փորձաքննության:

Ֆունկցիաների միջազգային դասակարգման /ՖՄԴ/ (հաշմանդամության սահմանման նոր մոդել) շրջանակներում ռետրոսպեկտիվ, պրոսպեկտիվ փորձաքննությունից հետո իրականացվել  է պիլոտային ծրագիր Երևանի թիվ 3, Տավուշի մարզի և Շիրակի մարզի թիվ 2 ԲՍՓՀ-ներում՝ արդյունքները քննարկման փուլում են։

114 սոցիալական թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 11 քաղաքացու՝ ԲՍՓ գործունեությանն ուղղված  դիմում-բողոք: 2015 թվականին դիմում-բողոքների թիվը հասնում էր  61-ի: