ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը Կենսաթոշակային ամենամյա չորորդ համաժողովում

0
116

Ողջունում եմ այսօրվա համաժողովի մասնակիցներին և հաջողություններ եմ մաղթում երկօրյա աշխատանքում:

 

Համաժողովը ինչպես այլ երկրներից ժամանած մեր գործընկերների, այնպես էլ գերատեսչությունների ներկայացուցիչների համար ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու այն խնդիրները, որոնք հուզում են մեր հասարակությանը և կարևոր են ու արդիական:

 

Համաժողովի օրակարգը բաղկացած է երկու մասից, առաջինը՝ դա սոցիալական և կենսաթոշակային համակարգի դերն է արդի մարտահրավերների համատեքստում, երկրորդը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դերը սոցիալական և կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում: Ես ևս, կարծում եմ, որ սրանք շատ ճիշտ ընտրված և արդիական թեմաներ են:

 

Արդի մարտահրավերների պայմաններում սոցիալական ապահովության և կենսաթոշակային համակարգերի դերը ցանկացած երկրում էապես կարևորվում է: Այս առումով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին կառավարության կողմից իրականացված բարեփոխումները միտված են առաջին հերթին այն խնդրի լուծմանը, որ սոցիալական ապահովության ոլորտին հատկացվող յուրաքանչյուր դրամ հասնի իր հասցեատիրոջը: Այսինքն` լինի առավել հասցեական, առավել արդյունավետ:

 

Հասկանալի է, որ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող միջոցները միշտ էլ բավարար չեն. որքան էլ ռեսուրսներն ավելացվում են, բնական է՝ պահանջմունքները, խնդիրները, որոնք պետք է լուծվեն, նույնպես անշեղորեն ավելանում են, և այս առումով էլ ավելի է կարևորվում, որպեսզի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները, որոնք կազմում են պետական բյուջեի շուրջ 30 տոկոսը, ծառայեն իրենց նպատակին: Վերջին տարիներին իրականացվող աշխատանքների տրամաբանությունը այնպիսի բարեփոխումների իրականացումն է, որոնք թույլ կտան դրամական վճարումները դառնան ավելի նպատակային, հասցեական և արդյունավետ: Հաջորդ կարևոր բարեփոխումը ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն է, այսինքն՝ քաղաքացիներին սոցիալական ծառայությունների մատուցումը համալիր ձևաչափով, ինչն առաջին հերթին նշանակում է ունենալ կարիքի գնահատում, գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների փաթեթներ, որոնք պետք է ուղղվեն կոնկրետ հասցեատերերին՝ առաջին հերթին մեր հասարակության խոցելի խմբերին և, իհարկե, դրա իրավունքն ունեցողներին:

 

Վերջին տարիներին իրականացված բարեփոխումների շրջանակում նախատեսվել է, որ արդեն 2017 թվականին մենք կունենանք պետական բյուջեով նախատեսված բոլոր դրամական վճարումների իրականացումն ապահովող մեկ մարմին: Դա իրականացնելու համար այս ընթացքում ներդրվել են և շարունակում են ներդրվել տեղեկատվական համակարգեր, որոնք այդ աշխատանքները դարձնում են ինքնաշխատ: Մենք ձևավորում ենք մի համակարգ, որը թույլ կտա քաղաքացիներին իրացնել այն բոլոր իրավունքները, որոնք օրենքով հստակ ամրագրված են: Այլ կերպ ասած՝ սոցիալական աշխատանք չի պահանջվի. այս համակարգի շրջանակներում կկարողնանք մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցել տեղեկատվական համակարգերի միջոցով՝ նվազեցնելով կամ իսպառ բացառելով շփումը սոցիալական աշխատողի և քաղաքացու միջև: Այդ առումով ձեռքբերումներն արդեն իսկ ակնառու են, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են՝ ընդհուպ հասնելով նրան, որ քաղաքացիները կարողանան իրենց իրավունքներն իրացնել առցանց դիմումի միջոցով: Դրան մենք կարող ենք հասնել, քանի որ պետական համակարգում տեղեկատվական համակարգերը լիարժեք դարձնելու դեպքում, հնարավորություն ենք ունենալու ճշտել քաղաքացու իրավունքը՝ առանց քաղաքացու անմիջական մասնակցության:

 

Սա սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների մի ուղղությունն է: Մյուսը՝ դա ինտեգրված սոցիալակայն ծառայությունների ներդրումն է: Դա նշանակում է՝ սոցիալական աշխատողի ինստիտուտ, նշանակում է սոցիալական աշխատող-քաղաքացի-ընտանիք շփում, դա նշանակում է կարիքների գնահատում, գնահատված կարիքների հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրում:

 

Քանի որ այսօր Հայաստանում ոչ դրամական օգնության տեսքով բազմաթիվ սոցիալական ծառայություններ են տրամադրում, խնդիր կա այս ուղղությամբ աշխատանքները ևս համակարգված դարձնել, ձևավորել մի համակարգ, որտեղ ոչ դրամական սոցիալական ծառայությունների տրամադրումը կհամալրի, կլրացնի դրամական միջոցներով տրվող սոցիալական ծառայությանը: Այս ուղղությամբ տարված աշխատանքներն արդեն իսկ արդյունքներ են տվել. մեկ պատուհանի սկզբունքով գործող արդեն 18 համալիր սոցիալական կենտրոն ունենք:

 

Աշխատանքները այս ուղղությամբ առաջիկա 2-3 տարիների ընթացքում շարունակելու ենք և հանրապետությունում ձևավորելու ենք այդպիսի 55 կենտրոններ, որպեսզի ունենանք կանոնակարգված սոցիալական աշխատանք իրականացնելու անհրաժեշտ ձևաչափ, իսկ մեր քաղաքացիները սոցիալական ծառայությունները ստանան մատչելի միջավայրում: Այս ուղղությամբ մեր աշխատանքների արդյունքում հնարավոր է լինելու ապահովել մեր քաղաքացիների հիմնական սոցիալական խնդիրների լուծումը:

 

Այս համատեքստում կենսաթոշակային համակարգերն իրենց ուրույն դերն ունեն հասարակական հարաբերություններում: Հայաստանի Հանրապետությունում ներդրված բազմաստիճան կենսաթոշակային համակարգն իր էական դերակատարումն է ունենալու նաև տնտեսական հարաբերություններում, քանի որ այստեղ կարևորվում են կանոնակարգված աշխատանքային հարաբերությունները: Դա նշանակում է, որ գրանցված աշխատողները այսօր հնարավորություն ունեն հետևել իրենց անհատական հաշիվներում առկա միջոցներին, դրանց շարժին և ընտրություն կատարել, թե ինչպես կառավարեն իրենց միջոցները, որոնք իրենց վաղվա կենսաթոշակի հիմքն են:

 

Շատ էական նշանակություն ունեցող փաստ է, որ նոր ներդրված բազմաստիճան կենսաթոշակային համակարգում չի վերացվել պետական կենսաթոշակային համակարգը: Այն պահպանվել է որպես բազային համակարգ, շարունակելու է ապահովել քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը և լրացվել է 2-րդ և 3-րդ բաղադրիչներով, ինչը թույլ է տալու լուծել մի էական խնդիր. Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից սկսած կենսաթոշակի չափը պայմանավորված չէ աշխատավարձի կամ եկամտի չափով, այլ պայմանավորված է միայն աշխատանքային ստաժով, որն էականորեն ձևախեղում է մտցնում այդ հարաբերություններում, և այստեղ է, որ նոր կենսաթոշակային համակարգը թույլ է տալիս վերացնել այդ ձևախողումը, ունենալ կապ աշխատավարձի և սպասվելիք կենսաթոշակի միջև:

 

Եվ վերջապես՝ շատ կարևոր են մեր հասարակության իրազեկման աշխատանքները, քանի որ մեր համաքաղաքացիները կենսաթոշակի մասին սկսում են մտածել միայն այն ժամանակ, երբ մոտենում է կենսաթոշակային տարիքը: Բայց մենք խնդիր ունենք արդեն այսօրվանից ապահվել, որ մեր երիտասարդները հսկեն իրենց հաշիվների շարժը, տեսնեն գումարների արտացոլումը, վերահսկեն՝ արդյոք գործատուի կողմից կատարվել են վճարումները, մյուս կողմից էլ՝ արդյոք ժամանակին և ամբողջությամբ կատարվել է կառավարության կողմից իրականացվող համաֆինանսավորումը, և բնականաբար՝ այդ գումարների կառավարման արդյունքում ակնկալվող այն արդյունքները, որոնք ապագայում կենսաթոշակի տեսքով պետք է վճարվեն երիտասարդներին: Մենք դեռ անելիքներ ունենք այս ուղղությամբ: Մասնավորապես իրազեկման բարձրացման ուղղությամբ և, համարելով, որ կենսաթոշակային բազմաստիճան համակարգը այլևս ՀՀ-ում փաստ է, մենք պետք է կարողնանանք համակարգի բոլոր մասնակիցներին առավելագույնս ընդգրկված դարձնել համակարգում, համակարգի հետագա զարգացումներում: Կարծում եմ, որ մենք այդկերպ կունենանք լավագույն արդյունք:

 

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում միջոցառման մասնակիցներին, աջակիցներին, այլ երկրներից ժամանած մեր գործընկերներին այս լավ հնարավորության համար և մաղթում եմ հաջողություններ հետագա աշխատանքներում: