Մեկնարկել է Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային գիտաժողով

0
79

Երևանում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է  Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կողմից Ծերացման հարցերով Մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև փոխանակել  տարբեր երկրների կողմից ծերացման հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող ծրագրերը:

Գիտաժողովի ավարտին՝ քննարկումների ընդհանրացման արդյունքում     առաջարկվելու են  ծերացող բնակչություն ունեցող երկրների առջև ծառացած նմանատիպ մարտահրավերները հաղթահարելու լուծումներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով Ծերացման հիմնահարցերին նվիրված  գիտաժողովի անցկացումը Հայաստանում,  նշել է, որ   Հայաստանը  աշխարհի շատ երկրների նման   չի շրջանցել երկրի բնակչության ծերացմանն առնչվող  և դրանից բխող հիմնախնդիրները լուծելու մի շարք մարտահրավերներ:

«Ստորագրելով Ծերացման Մադրիդյան Ռազմավարությունը, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր երկրում իրականացնել այդ փաստաթղթի դրույթները, մասնավորապես` 10 հանձնառությունները, որոնք էլ հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության համար մշակելու իր ազգային ռազմավարական ծրագիրը:  ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին վարվող քաղաքականությունը սոցիալական ծառայությունների տրամադրումն է գնահատված կարիքների սկզբունքի հիման վրա, որը իսկապես կարևորագույն մոտեցում է: Այսօր մենք չենք սահմանափակվում միայն պետության կողմից  դրամական միջոցների տրամադրմամբ, այլև փորձում ենք սոցիալական ծառայությունները մոտեցնել դրա կարիքը ունեցող մարդկանց, որտեղ լրջագույն դերակատարում ունի սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- ընդգծել է Արտեմ Ասատրյանը:

Նախարարը, անդրադառնալով միջազգային փորձին, կարևորել է գիտաժողովին ներկա արտերկրյա ներկայացուցիչների մասնակցությունը և նշել, որ տարեցների ոլորտում նմանատիպ խնդիրներին  լուծումներ տալու՝  արտերկրյա գործընկերների  օրինակելի  փորձը  նոր հեռանկարներ կստեղծի  ոլորտի զարգացման համար:

Գիտաժողովին  ներկայացվել է   Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների և նրանց  սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգում ներկայացված նոր մոդելների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրության տվյալների վերլուծությունը:

Հետազոտությունն իրականացվել է ողջ հանրապետությունում՝ ըստ թիրախային խմբերի և կարիքների գնահատման մեթոդաբանության: Հետազոտության միջոցով վեր են հանվել տարեցների ոլորտում առկա կարիքները՝ ուղենշելով  դրանց լուծման համար անհրաժեշտ գործուն ծրագրեր  ու մեխանիզմներ:

Գիտաժողովի ընթացքում տարեցների ոլորտում ունեցած իրենց փորձն ու մոտեցումներն են ներկայացրել նաև մի շարք երկրների ոլորտի պատասխանատուներ: Գիտաժողովի կազմակերպմանը աջակցում են ՄԱԿ բնակչության հիմնադրամը, Կարմիր Խաչի Հայկական և Շվեյցարական ընկերությունները և Հայկական Կարիտասը: