Ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղություններն ավելանում են

0
161

ՀՀ կառավարության 26.11.2015թ. նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև լուծումներ տալ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներին:

Այս նպատակով ընտանեկան դրամագլխի միջոցները այսուհետ կօգտագործվեն նաև՝

– հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,

 

– ՀՀ կառավարության 2005 թվականի  հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույք գնելու համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (Գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

 

Մինչ այժմ գործող կարգի համաձայն` ընտանեկան դրամագլխի միջոցները կարող էին օգտագործվել՝

– հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու և տոկոսագումարը վճարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է,

– ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու համար,

– ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:

 

Ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների վերլուծությունները ցույց են տալիս, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու և տոկոսագումարը վճարելու համար:

 

Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրում գտնվող անշարժ գույքի հիպոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Բացի դրանից, գյուղաբնակներին տրամադրվում են գերազանցապես գյուղատնտեսական վարկեր: Հիպոթեքով ապահոված վարկերն առավել հատուկ են քաղաքների և մեծ թվով բնակչություն ունեցող գյուղերի համար, որտեղ բնակչության եկամուտները համեմատաբար կայուն են, իսկ գրավի առարկան՝ բնակելի տունը (բնակարանը) առավել բարեկարգ է: